Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզանում զարգացած է զոքանչների հանդեպ տոտալ վստահությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
nara

Կոռուպցիայի կանխարգելման նոր հանձնաժողովը ոչինչ չի կարող անել. քանի դեռ ապօրինի հարստացման խնդիրը չի լուծվել: «Որեւէ կոռուպցիայի հանձնաժողով, ինչպես իմ գործընկերներից մեկն ասաց, անգամ, եթե բաղկացած լինի տոտալ հրեշտակներից, այդ տոտալները շատ կարճ ժամանակում վերածվելու են կամ անգործ, անկյալ հրեշտակների, ինչպես Աստվածաշնչում է ընդունված, կամ Լյուցիֆերների, քանի որ այդ խնդիրն ուղղակի հնարավոր չէ կարգավորել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին նախագիծը ԱԺ-ն ընդունել էր արտահերթ նիստով: Հանձնաժողովը 5 անդամից բաղկացած պետական մարմին կլինի, որը կքննի բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախմանը, էթիկայի կանոնների խախտումներին առնչվող դիմումներ, կստուգի եւ կվերլուծի պաշտոնյաների հայտարարագրերը: «Պաշտոնյան հայտարարագրում ներկայացված է  որպես բոմժ, սակայն մենք տեսնում ենք՝ ինչպիսի հնարավորություն ունեն ինքն ու իր ընտանիքը, որը ձեևակերպված չէ, այլ հայտարարագրված է իր հեռավոր ազգականների վրա. մեզանում զարգացած է զոքանչների հանդեպ տոտալ վստահությունը. նրանք չեն մտնում հայտարարագրերի մեջ»,- նկատում է Նաիրա Զոհրաբյանը:             Հանձնաժողովը կգործի 2018թ. ապրիլի 10-ից: Մինչ այդ, ըստ տիկին Զոհրաբյանի, իշխանությունը պետք է լուծի այս հանձնաժողովի հանդեպ վստահության հարցը, այլապես այս կրկնվի նախորդ  2 անհաջող փորձերը: Ի տարբերություն Նաիրա Զոհրաբյանի, ՀՅԴ խմբակցության քարտուղարի վստահությունը իշխանությունների հանդեպ առավել մեծ է: Այն պայմանավորված է կառավարության նոր ծրագրով, որը Դաշնակցությունը հասցրել, ուսումնասիրել է: «Կարող եմ ասել՝ շատ համապարփակ, մանրակրկիտ կազմված ծրագիր է՝ հստակ ժամանակացույցով, ժամկետներով, ոլորտային հստակ առաջադրանքներով»,- կարծում է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:  ԱԺ ընտրություններից հետո, գործադիր մարմնի կազմը գրեթե չի փոխվել, մինչդեռ, Աղվան Վարդանյանը գտնում է, որ ՀՀ-ում սկսվել է որակական փոփոխությունների նոր փուլ: «Մի շարք ոլորտներում, եթե ուշադիր լինեք՝ հարկային, մաքսային մարմիններում, դատական համակարգում, տնտեսության տարբեր ճյուղերում նախաքայլերն են արվում այդ փոփոխությունների»,- վստահեցրեց Աղվան Վարդանյանը:             Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած ներդրումներին, ապա ՀՅԴ ներկայացուցիչը խորհուրդ է տալիս չշտապել՝ ասելով՝ պետք չէ ակնկալել, որ մեկ օրում 850 մլն դոլար ներդրում կլինի. ներդրումները պարբերաբար կլինեն տարվա ընթացքում: