Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՏՕ-ի համար ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանն է. Ֆրիսկե

Քաղաքականություն
nato

Ծաղկաձորում անցկացվող «ՆԱՏՕ-ն` որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկայիս մարտահրավերն ու առաջընթացները տարածաշրջանում» քննարկմանը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գիտաշխատող Բենիամին Ֆրիսկեն իր խոսքում նշեց, որ ՆԱՏՕ-ի համար շարունակում է ամենամեծ սպառնալիքը մնալ ՌԴ-ն. «Հետխորհրդային տարածքները չպետք է համարել որպես ՌԴ ավանդական տարածքներ։ Մեր այսօրվա հանդիպման նպատակն է Արեւմտյան Եվրոպան կապել ձեր երկրի հետ, հարթել տարիներ շարունակ եղած այդ ճեղքը ու հարաբերությունները հարթել ձեր երկրի հետ»: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Վիլիամ Լահուն իր բացման խոսքում նշեց, որ տարիներ շարունակ ՆԱՏՕ-ին ներկայացրել են թշնամու տեսքով. «Ու հիմա մենք ցանկանում ենք կոտրել այդ միֆը, քանի որ դեռ Խորհրդային տարիներից ՌԴ-ն ՆԱՏՕ-ին որպես թշնամի է ներկայացնում։ ՆԱՏՕ-ն հիմնադրվել էր Խորհրդային միությունից պաշտպանվելու համար»։ Հանրային դիվանագիտության փորձագետ Մագնուս Էյջոլֆսոնը նկատեց` չնայած Խորհրդային միությունը փլուզվեց, սակայն ՆԱՏՕ- ն շարունակում է ոչ միայն գործել, նրա շարքերն ընդլայնվում են` այս շաբաթ Մոնտենեգրոն դարձավ ՆԱՏՕ-ի 20-րդ անդամ. «ՆԱՏՕ-ի գոյության 70 տարվա դետերմինանտն է` մեկը բոլորի, բոլորը մեկի համար։ Եթե մի պետություն հարձակվում է մեկի վրա, ապա նա հարձակվում է բոլոր անդամ պետությունների վրա, ու դա ապախրախուսիչ հանգամանք է։ ՆԱՏՕ-ն ի տարբերություն ԵՄ-ի, սուպեր, վերազգային կառույց չէ։ Որոշումները կայացվում են կոնսենսուսի միջոցով ու բոլոր անդամ պետությունները, անկախ մեծությունից, ունեն հավասար ձայնի իրավունք»։ Նրա խոսքով` Ղրիմի դեպքերից հետո ՆԱՏՕ-ն իր հարաբերությունները դադարեցրեց ՌԴ հետ, թեեւ կա ՆԱՏՕ-ՌԴ խորհուրդ, որը քննարկումներ անցկացնում է։ Լրագրողներից մեկի հարցին` թեեւ ՆԱՏՕ-ն չեզոքություն է պահում, սակայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զինվորները ապրիլյան պատերազմին կռվեցին ադրբեջանական զորքում, պարոն Էյջոլֆսոնը նշեց` ճիշտ է, ՆԱՏՕ-ն ոչ մի կողմի չի հարում ու չեզոքություն է պահում, սակայն կազմակերպության անդամ յուրաքանչյուր պետություն ունի իր արտաքին քաղաքականությունը, եւ դա չի մտնում ՆԱՏՕ-ի որոշումների մեջ. «Ըստ այդմ` տվյալ պետությունն ազատ է իր արտաքին քաղաքականության հարցերում»: Ըստ նրա` խնդիրն այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները իրար վրա հարձակվել չեն կարող, սակայն կարող են հարձակվել մեկ այլ պետության վրա, որը ՆԱՏՕ անդամ չէ։ Ինչ վերաբերում է Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամությանը, ապա, Մագնուս Էյջոլֆսոնը նկատեց` այն յուրահատուկ, ունիկալ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ. «Վրաստանի հետ ունենք համագործակցության մի փաթեթ, որով բարեփոխումներ են արվում երկրում, որպեսզի նա վերջնական պատրաստվի անդամությանը։ Դեռ շատ աշխատանք կա անելու, ու անդամ պետությունները շատ խիստ հետեւում են Վրաստանի զարգացումներին»։