«Գաֆեսճյանը» հանգիստ պայմաններում հետ է տվել «Հայֆիլմ»-ի գույքը
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր մինչ քննարկմանն անցնելը հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը շնորհավորեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին՝ հանձնաժողովի փոխնախագահ ընտրվելու առիթով: Անցնելով օրակարգի հարցերին՝ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց գույքի մասնավորեցման մասին Կառավարության որոշումը: Պետական մասնավորեցման 2017-2020թթ. նոր ծրագրում կընդգրկվեն բոլոր այն ընկերությունները, որոնք նախորդ ծրագրի շրջանակում չեն մասնավորեցվել. «Նախորդ ծրագրերում ընդգրկված և չմասնավորեցված ընկերությունները նոր ծրագրի մաս կկազմեն դրա`ուժի մեջ մտնելուց հետո: Առկա են նախորդ ծրագրում ընդգրկված և չմասնավորեցված 12 հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանի ենթակայության տակ գտնվող 47 ընկերություն: Մասնավորեցման նոր առաջարկվող ծրագրում ընդգրկվել են 11 հանրապետական գործադիր մարմիններ և մարզպետարանի ենթակայության տակ գտնվող 24 ընկերություն»: Հանձնաժողովի անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս շենքերը միայն բյուջեն լցնելու համա՞ր են մասնավորեցվում, թե ոչ: Նրան մտահոգում էր հատկապես «Հայփոստ»-ի ճակատագրի, որի հետ կապված Արման Սահակյանն ասաց, որ նախ այս պահին պոտենցիալ գնորդներ չկան, այս ծրագրի նպատակն էլ ոչ միայն բյուջեն լցնելն է. «Դրված է սկզբունք, որ քիչ շահաբաժնով ընկերությունները, որ մեծ ծախսեր են ստանում բյուջեից, ավելի մեծ շահույթ ունենան, օրինակ՝ Կառավարության ընդունելությունների տունը, այդ ծախսերից ազատվելու ու ավելի լավ կառավարիչներ ներգրավելու համար ենք անում, իսկ մեզ համար փաստ է, որ մասնավորն ավելի լավ է ղեկավարում»՝ ավելացնելով, որ ստացված հասույթը կլինի 35-36 միլիարդ դրամ: Իսկ ինչ վերաբերում է գույքին, ապա դա արդեն մասնավորեցման ծրագրի հաստատումից հետո է գնահատվելու: Ինչ վերաբերում է «Հայֆիլմ»-ին, որ դեռևս 2003-2004թթ. է մասնավորեցվել, ապա «Գաֆեսճյան» հիմնադրամի հետ հանգիստ պայմաններում են համաձայնության եկել, որ գույքը հետ են հանձնում: