Ի՞նչն է խանգարում Հայաստանի ու Իրանի սերտացմանը (տեսանյութ)
Ինչո՞ւ ավելի սերտ չեն Հայաստանի ու Իրանի հարաբերությունները։ 80 միլիոնանոց Իրանի Իսլամական Հանրապետության ձեռքերը դեռևս կապված են միջազգային պատժամիջոցներով։ Հայաստանն իր հերթին արտաքին քաղաքական հարթակում անկախության խնդիր ունի։ Իրանագետ Աննա Գևորգյանն ասում է. «Մենք, ԵՏՄ-ում լինելով, և Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների հետ համատեքստում՝ ոչ բոլոր որոշումներն են, որ կարող ենք ինքնուրույն կայացնել, հաշվի առնելով նաև, որ մեր տնտեսության կարևոր օղակներ վաճառված են Ռուսաստանին»։ Իրանը Հայաստանի չորս հարեւաններից երկրորդն է, որ չի փակել սահմանները և թշնամաբար չէ տրամադրված։ Բայց պաշտոնական Երևանն ինքն իրեն իզոլացված վիճակում է դրել՝ ջերմ հարաբերությունները տեղավորելով բացառապես հայտարարությունների մակարդակում։ «Երբ դրանից ավել ոչինչ չի արվում, կոնկրետ քայլեր չի արվում ոչ մասնավոր կազմակերպությունների կողմից, ոչ մասնավորապես պետության կողմից։ Այդ ամեն ինչը մնում է սառույցի վրա գրված հայտարարությունը, որը գեղեցիկ է որպես բաժակաճառ»,-ասում է քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։ Դեռ 2008-ին, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը, պաշտոնապես հայտարարվեց Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելու մասին։ 10 տարի անց դա դեռ խոստում է։ Սրան հակառակ չափազանց ակտիվ է Ադրբեջանը, որն Իրանի հետ երկաթուղի կառուցելու ծրագիր է կազմել։ «Ադրբեջանի հետ եթե ուզում են համեմատվել, նախ և առաջ պետք է ֆինանսական միջոցներ տրամադրեն այդ ծրագրերն իրականացնելու համար, այնուհետև պետք է բացի ասելուց օգտագործել ահռելի այդ պետության ներուժը»,- ասում է Գևորգ Մելիքյանը։ Հայաստանը չափից շատ զգուշավոր է արտաքին քաղաքական ոլորտում։ Դա պայմանավորված է Ռուսաստանի գործոնով։ Մոսկվան ու Թեհրանը լավ հարաբերություններ ունեն։ Բայց դա չի նշանակում, թե Մոսկվային ձեռնտու է հայ-իրանական զարգացած կապերը, հատկապես տնտեսական ու ռազմական ոլորտներում։ Ինչը կթուլացներ Մոսկվայից կախվածությունը։ «Մեղավոր ենք մենք և մեր կառուցած հարաբերությունները մեր հարևան և տարածաշրջանային գերտերությունների հետ։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը որևէ քայլի շատ կտրուկ հանդես գա, դրանում կարծում եմ, մեղավոր ենք մենք։ Մեզ հետ խոսում են այն լեզվով, որով թույլ ենք տալիս»,- ասում է իրանագետ Աննա Գևորգյանը։ Փորձագետները վստահ են՝ եթե Հայաստանը մտադիր է զարգացած պետությունների շարքին դասվել, ուրեմն ուղղակիորեն պարտավոր է անկախ քաղաքական կուրս վարել։ Եվ դա պետք է սկսել հենց այսօրվանից։