Աշխատակազմերի ղեկավարների աշխատավարձերը կհավասարեցվեն (տեսանյութ)
ԱԺ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը կբարձրանա հավասարեցվելով Կառավարության աշխատակազմի ղեկավարի աշխատավարձին: «ԱԺ աշխատակազմի ղեկավարի գործակիցն այսօր 10 է, բայց բարձրացնում ենք 12-ի, որ գործադիրի ու օրենսդիրի աշխատակազմերի ղեկավարները ստանան նույն աշխատավարձը»,- նախագիծը հիմնավորում է Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ կից նախագծերի փաթեթը: Նոր Սահմանադրությամբ նախարարությունների թիվը 19-ից պետք է դառնա 18, կրճատվում է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաստիքը, որը ղեկավարում էր այժմ արդեն Արդարադատության նախարար Դավթի Հարությունյանը: Կլինի միայն Կառավարության աշխատակազմի ղեկավար՝ պահպանելով բարձր աշխատավարձը: «Ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ հենց այս նախարարությունը պետք է կրճատվի, քանի որ, կարծում եմ, կառավարությունում ընդհանուր առմամբ փոփոխությունների այլ մեխանիզմներ էլ կան»,- հարցնում է Ելք դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Սահմանադրությամբ գործադիրը որոշում է, թե իր քաղաքականությունը ինչ մարմինների միջոցով անի: Գործադիրը գտնում է, որ այսօր իր առաջնահերթությունները հնարավոր է իրականացնել նշված 18 նախարարությունների միջոցով»,- պատճառաբանում է փոխնախարարը: Կբարձրացվեն նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալների աշխատավարձերը՝ հավասարեցվելով Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալներին: Արդյունքում՝ ստացվում է ավելի բարձր աշխատավարձ, քան պատգամավորներինն է: «Մյուսներից պիտի ներողոթյուն խնդրես, ասես՝ մի վեց ամիս խնդրում եմ համբերեք կամ էդ փողը ես եմ տալիս, օրինակ՝ մինչեւ այդ օրենքը հիմնովին փոխենք»,- փորձեց կատակել Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Սահմանադրության հոդվածը, որով նախատեսվում են Կառավարության փոփոխությունները, ուժի մեջ կմտնի հաջորդ տարի: Դրան կհաջորդեն նաեւ օրենսդրական մի շարք փոփոխություններ: Պատգամավորները զարմացած են՝ ինչո՞վ է այդ դեպքում պայմանավորված նման հրատապությունը: «Հիմա այս տարվանից ռազգոնով գնում ենք ու ձեռքի հետ էլ մի քանի խնդիրներ, կոնֆլիկտներ ենք առաջացնում, էդ դեպքում հիմնավորումը ո՞րն է»,- զարմանում է Նիկոլ Փաշինյանը: Նախագծերի փաթեթը դրվեց քվեարկության եւ դրական եզարակցությամբ մտավ ԱԺ օրակարգ: Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց քվեարկությանը: