«Կիրակի».Կոյուղաջրերն անարգել լցվում են մշակվող դաշտեր, Սևանա լիճ ու գետեր (տեսանյութ)
Մինչ Հայաստանում վարչապետի հանձնարարությամբ մշակվում է «Մաքուր Հայաստան» նախագիծը՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունը շարունակում է վտանգել շարքային հայաստանցու առողջությունը։ «Կիրակի» հաղորդաշարի այս թողարկումը նվիրված է շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին Հայաստանում։ Հայաստանում օդի և ջրի աղտոտվածությունը վտանգավորության աստիճանի է հասնում։ Պատճառները տարբեր են ՝ հանքարդյունաբերության մեծ ծավալներից մինչև բուսածածկույթի կրճատում։ Բացի այդ, Հայաստանում չկան ջրային հոսքերի ժամանակակից մաքրման կայաններ, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր վերջին ասուլիսում հաստատեց դա։ Խորհրդային տարիներից առկա կեղտաջրերի մաքրման 20 կայաններից միայն չորսն են ներկայում գործում՝ սպասարկելով Երևանը, Գավառը, Մարտունին և Վարդենիսը։ Սրանք էլ միայն մասամբ են ծառայում։ Արդյունքում կեղտաջրերի 48%-ը ներթափանցում է շրջակա միջավայր՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով։ Թողարկման հյուրն է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։ Տեսանյութեր՝ Արմավիրի «ԱԼՏ» ու «Սևան» ՀԸ-ների։