«Բոլոր կռվողներն ապրում են շատ խեղճ վիճակում՝ օրվա հացով» (տեսանյութ)
Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան հերոսամարտի մասնակիցները Հաղթանակի զբոսայգում առանձնանում են շքանշաններով, տոնական հանդերձանքով: Տոնական օրը սկսվում է ՀՀ, ապա ՌԴ օրհներգների ներքո՝ զինվորական շքերթով: Երկու հերոսամարտերի մասնակիցները, միմյանց հերթ չտալով, հպարտանում են պատերազմական անգամ փոքր դրվագներով, որոնք կերտեցին վերջնական հաղթանակը: 93-ամյա Սերգեյ Պերչյանն ընդամենը 18 տարեկան էր, երբ մեկնեց ռազմաճակատ, մասնակցել է մի քանի քաղաքների ազատագրմանը: Իր համար ամենասարսափելին եղել է Օսվենցիմը, որը տեսել է ազատագրման ժամանակ. «Տեսա Օսվենցիմը, այդ վառարանները, մարդկանց փոշին տեսա, մարդկանց մազերը՝ խուզում էին նրանց վառելուց առաջ, ու այդ ամենը բարձած էր վագոնի մեջ, իմ աչքով եմ տեսել»: Սերգեյ Պերչյանը մարտական գործողությունների ժամանակ կորցրել է մի աչքը, սակայն թաքցրել է այդ փաստը, որպեսզի նորից վերադառնա ռազմաճակատ: Այժմ նա բժշկական օգնության կարիք ունի. «Գնում եմ բժշկի, նախ ուղարկում են ախտորոշման ու 65 հազար դրամ պետք է տաս: Պետպատվեր են իջեցնում, սակայն դա սուտ բան է: Հիմա եկել եմ վարչապետին նամակ եմ գրել, որ կոխեմ աչքները: Հենց գնացի Ռոբերտ Քոչարյանի կնգա հիվանդանոց, 420 հազար էլ ուզեցին՝ բացի այդ 65 հազարից, որ օպերացիա անեն»։ Հայկական թամանյանական 89-րդ դիվիզիայի անդամ 93-ամյա Մարտիրոս Դիլանչյանը մասնակցել է Ռայխստագի գրավմանը, եղել հայտնի «քոչարի» պարողներից մեկը. «Բա ես այդ հրապարակում եմ եղել, ու մենք պարում էինք՝ ով, ոնց կարողանում էր մեր ուրախությունից: Ես Ստալինից ունեմ 26 քաղաքի համար շնորհակալություն՝ իր ստորագրությամբ՝ «Օտ տավարիշչա Ստալինա»: Մինչ օրս նա Կոմունիստական կուսակցության անդամ է. «Ընտրությանը մասնակցել եմ՝ հանուն Կոմունիստական պարտիայի»: 1945թ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակից հետո հաջորդ կարեւոր ձեռքբերումը 1992թ. Շուշիի ազատագրումն էր, որի ժամանակ տղամարդկանց հավասար կռվեցին նաւ կանայք: «Ջան Հասան քյոսավալ դիրքում եմ եղել: Այն եղել է ամենածանր դիրքը, քանի որ հարվածը վերցրել ենք մեզ վրա. մեզ վրա աշխատել է յոթ զենք: Մենք տվել ենք 45 զոհ: Ես այնտեղ եղել եմ որպես բուժքույր: Պատրեազմի ժամանակ կինն ամեն ինչ էր՝ եւ բուժքույր, եւ կռվող, եւ քույր, եւ ճաշ եփող, եւ լվացք անող»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Մարինե Դուլյանը: Պատերազմից հետո Մարինե Դուլյանն, իր խոսքով, տեսել է միայն հասարակ մարդկանց սերն ու աջակցությունը. «Իսկ ղեկավարությունը մեզ ասում է՝ ինչո՞ւ գնացիք, ով էր ձեզ խնդրում: Դա ամենամեծ ցավն է: Ես գումար չեմ ուզում, միայն օգնություն՝ երեխաներիս, ընտանիքիս, եւ ստացել եմ նույն պատասխանը՝ ձեզ չէինք խնդրում, որ գնայիք, որ հիմա էլ գաք, օգնություն խնդրեք: Բոլոր կռվողները ապրում են շատ խեղճ վիճակում՝ օրվա հացով, թոշակով»: