Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանին գերբնական ուժեր են վերագրում (տեսանյութ)

Քաղաքականություն
rob

Երևանի քաղաքապետի աթոռին հավակնող «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Նոր Նորքում է։ «Միասին պետք է ազատագրենք մեր երկիրը այս աղբից, էս թշվառ գազելներից, այս անարդարություններից, այս կոռուպցիայից»,- հայտարարում են ընդդիմադիրները։ Երևանցի այս կինը դեմ չէ ընդդիմադիրների հայտարարվող նպատակներին։ Նա մեղադրում է օլիգարխներին, որոնց դեմ պետք է ակտիվորեն պայքարի «Երկիր Ծիրանի»-ն. «Բնածին, տեղացի հայերին ցրեցին, ի՞նչ ենք սպասում սրանցից, հը՞»։ Ընդդիմադիր ակտիվիստի կոչը՝ չհանձնվել ու պայքարել, կինն անպատասխան չի թողնում. «Պայքարողներին արտաքսել են չկան։ Հատուկենտ ընդդիմադիրն ի՞նչ կարող է անել այդ բետոնի պատի դեմ, սուտ ա, ի՞նչ ընդդիմադիր, հետո շուռ ես գալիս տեսնում ընդդիմադիրն իշխանության հետ սեղան է նստած»։ Քաղաքացիները «Երկիր Ծիրանի»-ին ընկալում են որպես իշխող Հանրապետական կուսակցությանը իրական այլընտրանք։ Նրանց աչքի առաջ Զարուհի Փոստանջյանի 10 տարվա քաղաքական կենսագրությունն է։ Տարեց նորքեցիներից մեկն ասում է. «Ելավ Հանրապետության նախագահին ասեց՝ դուք եղել եք էս ինչ կազինոյում, էսքան եք տարվել, Սերժ Ազատիչը ռեակցիա չտվեց, անգամ չկանչեց պատասխանատվության, դե, երևի էդ մարդն եղել էր կազինոյում»։ Զարուհի Փոստանջյանի գերակտիվ և տարբերվող պահվածքն, ըստ քաղաքացու, գերբնական ուժերի ձեռքի գործն է. «Էդ կինը  չորս երեխա ունի ինչքան գիտեմ, էդ ինչքա՞ն էներգիա ունի, գիտե՞ք ինչ կա, ես հավատացյալ չեմ, բայց, երևի վերևից ինչ-որ ուժեր թելադրում են»։ Հանրապետականին դեմ է ու «Երկիր Ծիրանի»-ի հետևից կգնա Մասիվի շուկայում կանաչի վաճառող այս կինը։ Երկու զինվորների մայրը հալածվում է Տարոն Մարգարյանի գլխավորած կառույցի կողմից։  «Քաղաքապետարանը չի թողնում, որ գոնե կանգնեմ այնտեղ, էս երկու կանաչին ծախեմ, երկու խոտ եմ բերել, առավոտվանից չի վաճառվում։ Իմ երեխեքն ընդեղ ծառայում են, ես փող չունեմ, որ նրանց բարելավվեմ»։ Փորձը փորձանք չէ, այս անգամ ընդդիմադիր թեկնածուին ընտրենք, գոնե նա լուծի մանկապարտեզի հարցը։ 8-րդ Մասիվի բնակչուհին հոգնել է քաղաքապետարանի չբավարարող պատասխաններից։  «Իմ թոռը գնում է 7-րդ մասիվ, հեշտ ա՞ էստեղից այնտեղ գնալը։ Գազի վարչությունը, եթե այս մանկապարտեզը չի աշխատացնում, պետությունը վերցնի, մանկապարտեզ բացեն»։ Քաղաքացիների բոլոր տեսակետներն ընդունելի են «Երկիր Ծիրանի»-ի անդամների համար։ Բայց և հասկանում են՝ ընտրության օրը գործի կդրվի վարչական ռեսուրսն ու կճնշեն ընտրողներին։ Ընդդիմադիր ուժը խոստանում է դա թույլ չտալ։