«Կատարվել է հանցագործություն». Ծառուկյան դաշինքի պատգամավորներին խաբե՞լ են
ԿԸՀ ներկայացած՝ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները՝ 11 հոգի, հայտարարում են, որ իրենք մանդատ չստանալու դիմում չեն ներկայացրել ԿԸՀ, այլ իրենց փոխարեն դա արել է Ծառուկյան դաշինքը։ Մուշեղ Սաղաթելյանը հայտարարեց, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, և իր փոխարեն ինչ-որ մարդիկ որոշել են ինքնաբացարկի դիմում ներկայացնել։ Արարատ Զուրաբյանը հրաժարվեց մեկնաբանություններից. նա հայտարարեց, որ ինքը մանդատ վերցնելու է, սակայն առավել մանրամասն կխոսի առաջիկայում։ 4000-ից ավելի ձայն հավաքած Սերգեյ Բագրատյանը եւս հայտարարեց, որ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել. նա բացահայտեց, թե ինչպես է իրենց ստորագրությունները հայտնվել այդպիսի փաստաթղթի տակ։ Ծառուկյան դաշինքի թեկնածուն ասաց, որ թեկնածություն առաջադրելիս իրենց առաջարկել են ստորագրել մի փաստաթղթի տակ, ըստ որի՝ իրենք ինքնաբացարկ են հայտնում, սակայն, ըստ իրեն, դա ոչ թե հիմա պետք է օգտագործվեր, այլ այն պարագայում, որ եթե ինքը լիներ գործուղման մեջ, չկարողանար վերադառնալ հանրապետություն, այդ պարագայում դաշինքն իր դիմումը կներկայացներ ԿԸՀ և իր փոխարեն այլ պատգամավոր կներկայացվեր։ Բագրատյանը ասաց, որ սա հանցագործություն է, եւ իրավական բոլոր մեխանիզմներով փորձելու են պատժել մեղավորներին, անգամ եթե դա Գագիկ Ծառուկյանն է։ Արդյո՞ք ԱԺ մտնելու պարագայում կհամագործակցի դաշինքի պատգամավորների հետ, նշեց՝ դա կախված է նրանից, թե հարցը դաշինքում ինչպես կմեկնաբանվի։ Նապոլեոն Ազիզյանի ներկայացուցիչը եւս պնդեց, որ Ազիզյանը ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել, այդ մասին իմացել է լրատվությունից և մանդատը վերցնելու է։ Մանդատից չհրաժարվող թեկնածուները ձեռնպահ են մնում մեղավորների անուն տալուց և չեն շտապում մեղքը վերագրել Գագիկ Ծառուկյանին։