ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կհանգեցնի ավիատոմսերի էժանացման (տեսանյութ)
Մեկնարկել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը։ Համաձայնագիրը ենթադրում է կողմերի միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծում: ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի խոսքերով, 2013 թ-ին հռչակված «Բաց երկնքի» քաղաքականության նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանը պետք է ստեղծի լիարժեք իրավապայամանագրային դաշտ՝ գործընկեր պետությունների հետ։ «Այս պայմանագրով մենք, ըստ էության, ազատականացնում եւ կարգավորում ենք դաշտը միանգամից բոլոր ԵՄ անդամ պետությունների հետ։ ԵՄ-ում արդեն հաջողությամբ կիրառվող չափանիշների տեղայնացմամբ Հայաստանում կստեղծվի ավելի կանխատեսելի իրավական դաշտ։, որը կհանգեցնի ԵՄ անդամ պետությունների կողմից երկարաժամկետ ծրագրերի կառուցման»։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Համաձայնագրի կնքումից հետո Հայաստանը կկարողանա կապվել աշխարհի հետ, կբացվեն օդային սահմանները Հայաստանի եւ Եվրոպայի միջև։ Շարքային քաղաքացիներն իրենց վրա կզգան համաձայնագրի դրական ազդեցությունը, կկարողանան ավելի էժան գներով տոմսեր գնել դեպի եվրոպական երկրներ: «Համաձայնագրի շնորհիվ, Հայաստանի քաղաքացիները ոչ միայն հնարավորություն կստանան եվրոպական տարբեր ուղղություններ մեկնել, այլև՝ ՀՀ ավիացիոն շուկա մուտք կգործեն եվրոպական ավիաուղիները, ինչի արդյունքում կստեղծվի մրցակցային դաշտ, կզարգանա զբոսաշրջությունը, գործարարությունը»։ Անդրադառնալով ավիատոմսերի գների նվազեցմանը՝ ԵՄ բանակցային խմբի ղեկավար, Եվրոպական հանձնաժողովի ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը նշեց, որ իրենք չեն կարող հարկադրել ավիափոխադրողներին մտնել հայկական շուկա. «Մենք կարող ենք ստեղծել նորմատիվ իրավական հիմք, որը կնպաստի, որ նրանք մուտք գործեն։ Այսօր գոյություն ունեն բազմաթիվ սահմանափակումներ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ։ Մեր խնդիրը դրանք վերացնելն է»։ Նա ներկայացրեց Մարոկոյի եւ Բալկանյան երկրների հետ ունեցած փորձը, որտեղ նման համաձայնագրի ստորագրումից հետո դաշտը լուրջ առաջընթաց է արձանագրել։ «Այդ երկրներում համաձայնագրի շնորհիվ 2006 -12 թթ-ին ավիատոմսերի գները 40 տոկոսով նվազել են։ Ես ծանոթ չեմ Վրաստանի գնային քաղաքականությունը, սակայն վստահ եմ, որ նոր համաձայնագիրը շուկային նոր դինամիկա կհաղորդի։ Առավել եւս, որ բազմաթիվ եվրոպական ավիափոխադրողներ հետաքրքրված են հայկական շուկա մուտք գործելու հեռանկարով։ Նրանք ակնկալում են մոտ ապագայում տեսնել համաձայնագիրը ստորագրված, որը հստակ հիմք կստեղծի հայկական շուկա մուտք գործելու համար»։