Տարոն Մարգարյանն իր հարստությունը չի ժառանգել. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
Էրեբունի թանգարանի տարածքում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր համակիրների հետ ասուլիս է հրավիրել՝ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին ընդառաջ։ Ամենակարևոր հարցը, որ անդրադարձավ, հետևյալն է. «Մեր հանրային միջոցները չպետք է յուրացվեն, չպետք է տեղի ունենա գողություն, տարիներ շարունակ մեր հանրային միջոցները ծառայել են որոշ մարդկանց»։ Ըստ Զարուհի Փոստանջյանի, երկրում կոռուպցիայի ցուցանիշը ցույց է տալիս, որ մեր բյուջեի 50 տոկոսը յուրացվում է. «Այդ գումարներն ապօրինի շրջանառության մեջ են տարիներ շարունակ»։ Անդրադառնալով Տարոն Մարգարյանի հայտարարագրած հսկայական կարողությանը՝ Զ. Փոստանջյանը նշեց, որ հավանաբար Տարոն Մարգարյանն այդ կարողությունը կուտակել է բյուջեի միջոցներից. «Երևի նույնիսկ 90 տոկոսն է հենց քաղաքապետարանի միջոցների յուրացումը կազմում։ Բարձրաստիճան պաշտոնյան չի կարող կուտակել նման հարստություն, աշխատավարձը կարող է բավարարել նվազ հարցերի լուծման։ Չես կարող նույնիսկ այդ ծանրաբեռնվածությամբ ձեռնարկատիրական գործունեություն ծավալել»։ Ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին։ Զարուհի Փոստանջյանը խոստացավ այդ ընթացքում ներկայացնել իր քաղաքական ուժի ծրագիրը։