Ինչպես 100 հազարից ավելի անդամ ունեցող ՀՎԿ-ն հավաքեց 60 հազար ձայն (տեսանյութ)
Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ նախկին ՕԵԿ, այժմ՝ ՀՎԿ-ն չանցավ ԱԺ: Կուսակցության անդամները դա ընկճվելու առիթ չեն համարում: «ՀՀԿ ընդամենը 4 խոշոր օլիգարխներ հավաքել են մոտավորապես 200 հազար ձայն: Սա խոսում է մեկ հանգամանքի մասին, որ օգտագործվել են այլ ռեսուրսներ: Նաեւ՝ ներքին այլ խնդիրներ կարող են լինել, որոնք մենք քննարկում, վերլուծում ենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՎԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը: ԱԺ անցավ 4 ուժ՝ ՀՀԿ-ն, Ծառուկյան դաշինքը, Ելք դաշինքը եւ ՀՅԴ-ն: Էդգար Առաքելյանին զարմացնում է այն, որ մարդիկ իրենց սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ, արտագաղթի համար մեղադրում են իշխանություններին, սակայն գրեթե 55 տոկոս ձայն հավաքում է ՀՀԿ-ն: «Մեր կուսակցության անդամների թիվը շատ ավելին է եղել՝ 100 հազարն անցել է, սակայն մենք հավաքել ենք շուրջ 60 հազար քվե: Մենք կարող ենք ասել, որ այսօր ունենք այդքան կուսակցականներ, քանի որ նման ֆինանսական մեծ ռեսուրսների պայմաններում չկաշառվել ու գնալ նման ընտրություն կատարել, դա նաեւ, կարող եմ ասել, որ հերոսություն է»,- նկատում է Էդգար Առաքելյանը: Ըստ պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանի՝ կեղծիքները, այդ թվում ընտրակաշառքը, այս անգամ գեղեցիկ փաթեթավորվեցին օրինականության շղարշով՝ ի դեմս տարբեր տեսակի տեխնիկական զինվածության. «Ժողովուրդն ասեց՝ այլընտրանք քաղաքական ուժերի մեջ չեմ տեսնում, չեմ վստահում, օրինակ, Ազատ դեմոկրատներին՝ տարբեր պատճառներով, իսկ մյուս 8 տոկոսը վստահեց Ելքին, մյուսներն ասացին՝ վերցնեմ իմ 10 հազարը, ասում է՝ փորձված թանը, անփորձ մածունից ավելի լավ է, գնաց ու ընտրեց ՀՀԿ-ին»: Արտագաղթի ծավալը տարիների ընթացքում ավելանում է, սակայն զուգահեռ ավելանում է նաեւ ընտրողների թիվը:«Սա ուղղակի շարքային պետական հանցագործություն չէր, այլ պետական հեղաշրջման լեգիտիմացնելու դասական օրինակ: Ոչ միայն ընտրակաշառքն էր ընտրություններին հիմնական գործոնը, այլ թվանկարչությունը: ՀՀԿ էն առաջընթաց ու անվտանգություն կարգախոսը պետք է փոխել հետընթացի եւ դրա արտացոլանքը մենք շատ շուտով տեսնելու ենք մեր կյանքում»,- ասում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամ Սուսաննա Մուրադյանը: Ընտրություններին մասնակից որեւէ ուժ, բացառությամբ Կոնգրես-ՀԺԿ-ի, հետընտրական գործընթաց չի սկսում: Քաղաքական այս ուժը դիմել է ԿԸՀ եւ ՍԴ՝ անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները՝ հաշվի առնելով օրինախախտումները: Իսկ մյուս ուժերը պատրաստվում են Երեւանի ավագանու ընտրությունների: Ապրիլի 9-ին լրանում է հայտերի վերջնաժամկետը: Մայիսի 14-ի ընտրություններին մասնակցության հայտ առայժմ ներկայացրել է միայն Ելք դաշինքը: «Ես այդ երիտասարդների թիմի հետ կարող ենք մենք սարեր շարժել: Ճիշտն ասած, Ազատ դեմոկրատներում որեւէ քննարկում չեն անում, ես գնացել եմ շտաբ, ասել եմ՝ ինչ ենք անում, ասել են՝ տեղյակ կպահենք: Մինչեւ հիմա ես չգիտեմ: Է, երկու օր մնաց, եւ երեկ ես արդեն որոշեցի, որ ես ուզում եմ աշխատել»,- պատմեց Անահիտ Բախշյանը: Ելք դաշինքը ավագանու ընտրություններին համագործակցության 3 առաջարկ է արել նաեւ Զարուհի Փոստանջյանին, որոնք նա մերժել է: Տիկին Փոստանջյանն ինքը հայտարարել է, որ հիմնադրած «Երկիր ծիրանի» կուսակցությունը հակված է մասնակցել ավագանու ընտրություններին եւ դեմ չի լինի գլխավորել ցուցակը: