Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. քննարկում ուղիղ (տեսանյութ)
Մարտի 29-ին , ժամը 12:00-ին Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ Մեդիա կենտրոնում կանցկացնի քննարկում՝ «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. գնահատականներ բանակցային գործընթացին» թեմայով: Ապրիլյան պատերազմից անցել է գրեթե մեկ տարի, սակայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս կյանքի չեն կոչվել, իսկ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ու լարվածությունը ԼՂ շփման գծում շարունակվում է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2016թ. ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը կտրուկ սրվեց և սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ: Քառօրյա պատերազմի հետևանքով թե հայկական, թե ադրբեջանական կողմը ունեցան հարյուրավոր զոհեր և վիրավորներ: Ապրիլի 5-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որը հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո, որոնք աննախադեպ էին 1994-ի հրադադարից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջին անգամ հանդիպեցին Վիեննայում մայիսի 16-ին: Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին ԼՂ հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, նախագահները վերահաստատեցին հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնեցին շփման գծում ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքները և ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը՝ ընդլայնելով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները: Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2016թ. հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագների միջև Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Սակայն ապրիլյան պատերազմից մեկ տարի անց ոչ միայն չեն ձեռնարկվել քայլեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, այլև պարբերաբար շարունակվել են հրադադարի ռեժիմի խախտումները հայ –ադրբեջանական սահմանին և ԼՂ շփման գծում: ՊԽԼԻ-ի հայկական գրասենյակը, կարևորելով ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացը և մշտապես անդրադառնալով հիմնախնդրին տարբեր ասպեկտներով, առաջարկում է կազմակերպել քննարկում գնահատելու համար բանակցային գործընթացը և հետապրիլյան զարգացումները ԼՂ հիմնախնդրի շուրջ: Քննարկման բանախոսներն են՝ Ռիչարդ Կիրակոսյան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր եւ նախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմ դը Վաալ, կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ (քննարկմանը կմիանա տեսազանգի միջոցով) Մագդալենա Գրոնո, Միջազգային ճգնաժամային խմբի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերիի ղեկավար (քննարկմանը կմիանա տեսազանգի միջոցով):