«Հայաստանը գնում է պատերազմի՞, թե՞ խաղաղության» (տեսանյութ)
Ընտրություններին մասնակից ուժերից Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչների հիմնական ակնկալիքը մեկն է՝ լուծում գտնվի գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին: Արեւիկ գյուղում Կոնգրես-ՀԺԿ դաշինքն իր քարոզարշավի հիմնական շեշտադրումն էլ հենց գյուղատնտեսության վրա էր կենտրոնացրել: ՀՀ-ում ավելի, քան 350 հազար մարդ զբաղված է գյուղատնտեսությամբ: «Գյուղատնտեսությունը գտնվում է խղճուկ վիճակում, ուղղակի տեսանելի առումով մենք նախնադարում ենք՝ դուք տեխնիկա չունեք, դուք ժամանակակից տեխնոլոգիաներ չեք օգտագործում, դուք ջերմատուն չունեք, դուք իրացման շուկայի խնդիր ունեք»,- դիմելով գյուղի բնակիչներին՝ ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Վահագն Խաչատրյանը: Դաշինքը ներկայացրեց նաեւ քաղաքական հարցերի, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր լուծումները: «Արդեն խոսքը միայն զարգացման մասին չէ, այլեւ փրկության մասին է. եթե այսպես շարունակվի, մենք ունենալու ենք հազարավոր մարդկային կորուստներ, ունենալու ենք ավերածություններ, շատ հնարավոր է՝ կորցնենք Արցախը: Իսկ մեր ծրագիրն այն է, որ խաղաղության պայմանագրով պահպանենք այն ու դրա հնարավորությունը կա: Ապրիլի 2-ին կոչ ենք անում պատասխանել ամենակարեւոր հարցին՝ ՀՀ-ն գնում է պատերազմի՞, թե խաղաղության ու զարգացման»,- հայտարարեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Լեւոն Զուրաբյանը: Արեւիկի գյուղի բնակիչների հարցերը՝ ուղղված քարոզիչներին, ոչ թե իրենց գյուղի խնդիրներն էին վերաբերում, այլ քաղաքական բնույթի էին: Մանրամասները՝ տեսանյութում