Հետաձգված շախմատային խաղը վերսկսվում է. Արամ Հարությունյան (տեսանյութ)
«Ազգային համաձայնություն» կուսակցությունը միանում է «Ծառուկյան» դաշինքին։ Երկու խորհրդարանական և երեք նախագահական ընտրության մասնակցած Արամ Հարությունյանը համոզված է՝ Ծառուկյանը վերադառնում է ավարտելու 2015-ի փետրվարի 18-ին կիսատ թողածը։ «Շախմատային պարտիան հետաձգվել էր փետրվարին և հիմա վերսկսվում է այդ խաղը»,-ասում է ԱՀ նախագահը։ Արամ Հարությունյանը չէր կարող անտարբեր լինել Գագիկ Ծառուկյանի ակտիվացման նկատմամբ։ Ազգային Համաձայնությունը 2015-ին Ծառուկյանի հետ իշխանափոխության գնացողներից էր։ Համոզված է՝ Ծառուկյանն այս անգամ իշխանության դեմ չի ընկրկի։ «Արմատականը մեզ մոտ միշտ հասկանում են նախագահին կամ որևէ այլ իշխանավորին հայհոյելը, բայց դա այդպես չի։ Արմատականը նշանակում է՝ դու չես մտնում կոմպրոմիսի մեջ մանդատի համար։ Իսկ ես համոզված եմ որ Ծառուկյանը խնդիր չունի»։ Արամ Հարությունյանը Գագիկ Ծառուկյանին դեռ չի հանդիպել, անելիքներից չեն խոսել։ Բայց այդ դաշինքին միանալու որոշում արդեն ունի՝ ոչ սեփական շահի համար։ «Ես մանդատի խնդիր չեմ լուծում, ես պատրաստ եմ այդ թիմում լինել ցուցակի ամենավերջինը, որովհետև իմ խնդիրը մանդատը չի։ Ես ուզում եմ նպաստել, որ իշխանությւոններն ընտրություններով փոխվեն»,- նկատել է տալիս նա։ Հասարակության հետ վատ աշխատանքի պատճառով ոչ մի ուժի ներկայությունն Ազգային ժողովում ապահովված չէ։ Խորհրդարանում չհայտնվելու վտանգի տակ է նաև Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը։ Նման ռիսկն անտեսում է Ստեփան Սաֆարյանը, ով այս ուժի հետ ճանապարհ գնալով է պատկերացնում սեփական գաղափարներն իրացնելու ելքը։ «Մենք չենք կարող միանալ այնպիսի դաշինքների, որտեղ դեմ են Եվրոպական մոդելի պետության կայացմանը, որտեղ կողմ են քվեարկում Հայաստանի ինքնիշխանության կրճատմանը»։ Ստեփան Սաֆարյանը նույն հաջողությամբ կարող էր ընդգրկվել նաև «Ելք» դաշինքի կազմում, ինչը սակայն հնարավոր չեղավ։ «Նրանց մոտ դաշինքային ցուցակի կազմման սկզբունքներն այլ կերպ են եղել, բացառապես իրենց կուսակցական ցուցակներով։ Մինչդեռ Խաչատուր Քոքոբելյանն ավելի ազատ հարթակ է առաջարկել», ասում է Ստեփան Սաֆարյանը։ Այսօրվանից սկսվում է ընտրությւոններին կուսակցությունների գրանցումը։ Ընտրական ցուցակները վերջնական տեսքի բերելու համար նրանք ունեն ընդամենը 10 օր։ Ի դեպ, միայն ՀԱԿ-ի պարագայում է հայտնի, թե ով է գլխավորելու ցուցակը։ Ընտրապայքարը կղեկավարի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: