Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջության զարգացման տարբերությունը (տեսանյութ)
Վերջին 5 տարիներին Հայաստանից շուրջ 7 մլն զբոսաշրջիկ է այցելել Վրաստան։ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Թորիկե Զիրակիշվիլիի խոսքերով, Վրաստանը տարեկան 2 մլրդ դոլարի եկամուտ է ունենում այս ոլորտից։ Միաժամանակ, տարեկան պետական բյուջեից ոլորտի զարգացման համար հատկացվում է 9-10 մլն դոլար։ Նույնքան էլ ոլորտի զարգացման համար ներդնում է մասնավոր հատվածը։ Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում պետբյուջեից հատկացվող միջոցները տատանվում են 400 հազար դոլարի շրջանակներում։ Ոլորտի զարգացումը խթանելու համար Հայաստանի եւ Վրաստանի ներգնա տուրօպերատորները նախատեսում են զբոսաշրջիկներին առաջարկել համատեղ տուրփաթեթներ, ինչը առավել գրավիչ կդարձնի տարածաշրջանը։ Ներգնա տուրօպերատորների միության անդամ Լարիսա Մկոյանի խոսքերով, իրենք արդեն 3-5 տարի է՝ Ռուսաստանի , Չինաստանի, Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի իրենց պոտենցիալ հաճախորդներին տրամադրում են Հայաստան եւ Վրաստան համատեղ տուրփաթեթներ։ «Մենք նախատեսում ենք համագործակցություն նաեւ Իրանի տուրօպերատորների հետ եւ առաջիկայում նախատեսում ենք առաջարկել Հայաստան- Վրաստան-Իրան համատեղ փաթեթներ»։ Համատեղ փաթեթների առաջարկման առումով խոչընդոտ կարող են լինել Հայաստանի եւ Վրաստանի ծառայությունների գները։ Լ. Մկոյանի խոսքերով, իրենք աշխատանքներ են կատարում գների նվազեցման ուղղությամբ։ «Այժմ բանակցություններ ենք վարում հյուրանոցային եւ ռեստորանային ցանցերի ներկայացուցիչների հետ՝ գների վերանայման հետ կապված։ Բանակցություններ ենք վարում նաեւ ֆինանսների նախարարության հետ, քանի-որ նախատեսվում է, որ 2018 թ-ից մեր առանց այն էլ թանկ փաթեթներին պետք է ավելանա նաեւ ավելացված արժեքի հարկը։ Մենք հույս ունենք, որ նման բան տեղի չի ունենա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Վրասանում օրինակ Հայաստանի համեմատ նաեւ հարկային բեռն է բավական թեթեւ։