«Դատապարտյալների հիվանդանոցը» կարող է փակվել (տեսանյութ)
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը: Հաշվի առնելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները եւ ոլորտում առկա խնդիրները՝ Արդարադատության նախարարությունը առաջարկում է ծառայությունների բարեփոխման մի քանի տարբերակ: «Առաջին՝ ազատությունից զրկված անձանց երկրորդական մասնագիտական բուժօգնությունը տրամադրել միայն քաղաքացիական հիվանդանոցներում եւ փակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն: Երկրորդ՝ վերազինել հիվանդանոցը եւ վերափոխել որոշակի մասնագիտական ձեւով բժշկական օգնություն եւ սպասարկում մատուցող հաստատության»,- նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարն առաջարկում է նաեւ, որ եթե այնուամենայնիվ որոշում կայացվի, հիվանդանոցը չփակել, ապա Քրեակատարողական վարչության ենթակայությունից հիվանդանոցը տեղափոխել կամ արդարադատության նախարարության, կամ կառավարության, կամ էլ առողջապահության նախարարության անմիջական ենթակայությանը: