«Հույս ունեի, որ Կարեն Կարապետյանը չի մտնի ատամնաբուժարան». Ա. Արշակյան (տեսանյութ)
«Անցնող տարում մեր ազգը ձեռք բերեց ինքնավստահություն, հաղթողի ինքնազգացողություն»,-ամփոփելով 2016 թվականը՝ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը. «Մենք Գիքոր հանրապետությունից վերածվեցինք նժդեհական, Վահագնի, հաղթող, փառավոր պետության, որովհետև ապրիլյան պատերազմի ընթացքում մեն-մենակ մնացինք թշնամու դիմաց, և ես համարում եմ, որ մենք հաղթեցինք, չնայած որ շատ ծանր կորուստ ունեցանք՝ հարյուր երիտասարդ և ութ հարյուր հեկտար: Երևի դա մեր Հայրենիքի ամենալավ կտորն էր»: Խոսելով կառավարության փոփոխության մասին՝ պարոն Արշակյանը նշեց, թե սկզբում դրական էր համարում այն, բայց հիմա այլ կարծիք ունի. «Ես ոգևորված էի, կարծում էի՝ նոր մարդ է, գավառական չէ, քանի որ դրանից առաջ գավառամտություն էր, բայց երբ շարք կանգնած, ասես՝ ատամնաբուժարան գնալիս լինեն, մտան ՀՀԿ՝ ատամնազերծ լինելու... ՀՀԿ-ն ատամնաբուժարան է, ով մտնում է՝առանց ատամ դուրս է գալիս: Ես հույս ունեի, որ Կարեն Կարապետյանը չի մտնի ատամնաբուժարան»,-ասաց բանախոսը: Հանդիպմանը ներկա՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի խոսքով էլ՝ 2016 թվականը բարդ և մարտահրավերներով լեցուն տարի էր մեզ համար. «Ներքաղաքական և տնտեսական առումով տարին ցույց տվեց, որ կառավարման այն մոդելը, որը տարիներ շարունակ կիրառում էինք, խիստ վերափոխման անհրաժեշտություն ունի»: Պատգամավորը կոչ արեց 2017 թվական մուտք գործել լավատեսորեն. «Ես հավատում եմ այն իմաստությանը, որն ասում է՝ ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում»: Պարոն Դավթյանն այս տարվա համար առանձնացրեց նաև պաշտպանության նախարարի փոփոխությունը. «Կարծում եմ՝ շատ կարևոր, գլոբալ փոփոխություն էր, որ պաշտպանության նախարար նշանակվեց քաղաքացիական անձ: Դա մեսիջ էր, կոնկրետ քայլ, թե առաջիկայում Հայաստանն ինչ ուղղությամբ պետք է զարգանա»: