Գևորգ Սաֆարյանը հանդես կգա ճառով. ոստիկանի վնասվածքի մասին ապացույց չկա (տեսանյութ)
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով վկա ոստիկանների տված ցուցմունքները արժանահավատ չեն թվում փաստաբանին։ «Հիշում են Գեւորգը հարվածեց Գեղամ Խաչատրյանին: Այլ բաներ չեն հիշում, հարց է առաջանում, կարո՞ղ էին այլ ցուցմունք տալ: Կարող էին այնպիսի ցուցմունք տալ ենթակաները, որ Գեղամ Խաչատրյանը ենթարկվեր քրեական պատասխանատվության»,- դատարանում հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Ամանորի գիշերվանից կալանավորված Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու եւ մարմնական վնասվածք պատճառելու մեջ: «Եթե ոստիկանների ցուցմունքները ճիշտ են, ինչո՞ւ Գեղամ Խաչատրյանը դեպքից անմիջապես հետո չի դիմել հիվանդանոց: Ստացվում է, որ մեկ ժամը Գեղամ Խաչատրյանը եւ ոստիկանության երկու սպաներ մտածում էին ինչպես դուրս գան ստեղծված խայտառակ վիճակից եւ առաջ է եկել այս վարկածը»: Իր պաշտպանական ճառում փաստաբանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ նախաքննական մարմինը որեւէ ապացույց չի ներկայացրել, թե Գեղամ Խաչատրյանի հոնքից արյուն է եկել: Պաշտպանը դատարանին խնդրեց արդարացման դատական ակտ կայացնել: Արդեն հաջորդ տարի՝ հունվարի 16-ին, ճառով հանդես կգա նաեւ Գեւորգ Սաֆարյանը: