Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենի լիազորություններն ընդլայնվում են (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0110223-copy-1

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»  եւ կից օրենքներում նախատեսված փոփոխությունների նախագիծը: Նախագծով ընդլայնվում են օմբուդսմենի լիազորություններն ու գործիքակազմը: «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը, հարց ուղղելով նախագիծը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին, նշեց. «Ավելի պարզ լեզվով կարո՞ղ եք  ասել՝ այս փոփոխություներից հետո մարդու իրավունքների իրավիճակը բարելավվելո՞ւ է, օմբուդսմենն ավելի ազատ, անկաշկա՞նդ է լինելու ու որակական նոր ծառայություններ մատուցելու»: Փոխնախարարը նշեց, որ նախագիծը օմբուդսմենին նոր լիազորություններ է տալիս, լրացուցիչ գործիքներ. «Այս տեսանկյունից, այո, նախագիծը նպաստում է հետագա օմբուդսմենի գործունեությանը, օգնելու է՝ կանխարգելման մեխանիզմի շրջանակներում, որպեսզի փորձագետների խումբը կարողանա անարգել ՔԿՀ-եր մտնել: Այս պարագայում պետական ինստիտուտներն ավելի զգոն պետք է լինեն ու չխոչընդոտեն օմբուդսմենի գործունեությանը»: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ օրենքում վրիպակ կա՝ գրված է, որ պաշտպանն անձեռնմխելի է, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար և չի կարող հետապնդվել, սակայն քվեարկությունը պատգամավորի հետ կապված դրույթն է: Պատգամավորի հաջորդ դիտարկումը վերաբերում էր նրան, որ պաշտպանին փաստաթղթեր չտրամադրած պաշտոնակատար անձը ենթարկվում է պատասխանատվության. «Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ մենք կարող ենք այնպես փոփոխել, որ այս խնդիրը անկախ մարմնում քննարկվի ու լուծվի, ու վարչական պատասխանատվություն պետք է այստեղ նախատեսվի, քանի որ հնարավոր է, որ պաշտոնատար անձի այդ գործունեության պատճառով մարդու իրավունքների կոպիտ խախտում տեղի ունեցած լինի, օրերով մարդն անազատության մեջ լինի, կարգապահական պատասխանատվությունը շատ թույլ է այս առումով»: Նա նաեւ նշեց, որ օրենքով պաշտպանը կարող է պետական մարմնին առաջարկել պատասխանատվության ենթարկել անձին. «Առաջարկում եմ փոխել այդ հոդվածը և ընդունել, որ պաշտպանը կարող է առաջարկել, թե ինչ պատասխանատվության ենթարկել, օրինակ՝ աշխատանքից ազատել»: Փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ վրիպակը նկատել են, դուրս կգա «քվեարկություն» բառը: Ինչ վերաբերում է մյուս դիտարկումներին, ապա նա հայտնեց, որ սպասում են միջազգային փորձագետների կարծիքին ու շուտով կստանան Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, թե արդյո՞ք պիտի պաշտոնատար անձը ենթարկվի կարգապահական պատասխանատվության, թե ոչ, և արդյո՞ք պաշտպանն ինքը կարող է պատասխանատվության տեսակի մասին հայտնել իր դիրքորոշումը. «Սա վերջնական տեսքով չէ, լավագույնս մոտեցումը մենք կորդեգրենք»: