«Բա էլ ինչի՞ ենք դեպուտատ աշխատում». ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը պետական բյուջեով ֆեյսբուքյան վճարովի գրառումների մասին առաջին անգամ է լսում. «Ես ինքս Ֆեյսբուքին դեմ մարդ եմ, որովհետեւ էնտեղ էնպիսի այլանդակություններ է կատարվում»: 15 հազար դրամ յուրաքանչյուր գրառման համար՝ վատ գաղափար չէ: Համլետ Հարությունյանը գուցե մտածի Ֆեյսբուք մտնելու մասին. «Բա էլ ինչի՞ ենք դեպուտատ աշխատում, գնանք էդ փողերը ստանանք, ապրենք»: Այս մարդն, այնուամենայնիվ, կարծում է, որ փողը այլասերում է մարդկանց, հատկապես դոլարը: Նկատեցինք, որ ֆեյսբուքյան գրառման համար կառավարությունն իր մարդկանց վճարում է դրամով. «Նույն դոլարն ա վերածած դրամի»: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նույնպես Ֆեյսբուքում չկա: Սակայն վճարովի գրառումների մասին տեղյակ է: Իր կարծիքով, այստեղ տարօրինակ ոչինչ չկա, մարդիկ լուսաբանում են կառավարության աշխատանքները. «Ես այնքան էլ համակարծիք չեմ, որ դա կառավարության փիառի համար է, ես կարծում եմ, որ դա ընդամենը կառավարության կողմից աշխատանքները լուսաբանելու նպատակ է հետապնդում» ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ չկա, բայց տեղյակ է ինչի մասին է խոսքը՝ անմակարդակ քծնանքի: Իզուր գումարներ է վատնում կառավարությունը. «Բոլորն էլ հասկանում են, որ սա էսպես ասենք, պատվիրովի, վճարովի քծնանք է։ Մեկ քծնանքը, որի համար վճարում են 15 հազար դրամ, առաջացնում է հազար հականյութ, որին հաղթահարելու համար եւս մի քանի 15 հազար դրամներ պետք է ծախսվեն»: 2016-ի կամ 2017-ի պետական բյուջեն հաստատելիս Նաիրա Զոհրաբյանը չգիտեր, որ այնտեղ հոդվածներ են նախատեսված Ֆեյսբուքում եւ այլ սոցիալական ցանցերում վճարովի գրառումներ անողների համար։ «Նրանց օգտակար գործողության գործակիցը ուղղակի զրո է, եթե չասեմ ուղղակիորեն վնաս է հասցնում այն օբյեկտին, որի անվան շուրջ կազմակերպվում է այդ ստատուսային բոհեմը»,-ասում է նա: