«Արարատը» չդիմացավ «Փյունիկի» ճնշմանը եւ պարտվեց
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի երկրորդ խաղում Երեւանի «Արարատը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Երեւանի «Փյունիկին»: Հարկ է նշել, որ հանդիպումն անցավ հետաքրքիր պայքարում: Նախ հանդիպման 35-րդ րոպեին փյունիկցի Վարդան Պողոսյանը չկարողացավ իրացնել 11մ հարվածը: Ընդմիջումից հետո Ալիկ Առաքելյանը, այնուամենայնիվ, առաջ մղեց հյուրերին: Մրցավարի կողմից ավելացրած ժամանակի առաջին րոպեին Սերգեյ Մկրտչյանը հավասարեցրեց հաշիվը, սակայն երկու րոպե անց «Փյունիկի» ֆուտբոլիստ Արմեն Մանուչարյանը կրկին գրավեց արարատցիների դարպասը եւ կարեւոր հաղթանակ պարգեւեց իր թիմին: Այդպիսով, «Արարատը» 11-րդ պարտությունը կրեց առաջնությունում եւ շարունակում է 5 միավորով եզրափակել աղյուսակը: «Փյունիկը» 7-րդ հաղթանակը տոնեց մրցաշարում, վաստակեց 25 միավոր եւ մոտեցավ առաջնության առաջատար «Շիրակին», որը վաղը սեփական դաշտում կընդունի «Ալաշկերտին»: