Ռուբեն Հայրապետյանը կրկին անդրադարձել է Հրաչյա Ռոստոմյանին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը իր ղեկավարած կազմակերպության կայքէջի շնորհիվ այսօր պատասխանել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին՝ 2016թ նոյեմբերի 4-ին մեդիայի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ հնչեցրած մտքերին: «Ափսոսում եմ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար պարոն Ռոստոմյանն այդպես էլ չհասկացավ ասածներիս խորհուրդը եւ, ձեւանալով Օլիմպիական Խարտիայի «մեծագույն» մասնագետ, բերեց խնդրո առարկայի հետ բացարձակապես ընդհանրություն չունեցող օրինակ` մեկ անգամ եւս ապացուցելով, որ, միգուցե, ավելի լավ է զբաղվի իր առաջին մասնագիտությամբ: Ո՞վ գիտի՝ հնարավոր է և հաջողությամբ: Շատ ավելի ափսոսում եմ, որ միայն «նախարարական» երկրորդ փորձից «մեծագույն» մասնագետը հասկացավ, որ պետք է զբաղվի բոլոր մարզաձեւերով՝ ներառյալ ֆուտբոլը, բայց, ավաղ, դեռեւս չի հասցրել հասկանալ, որ խոսքը կազմակերպված եւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մասին չէ, առավել եւս՝ ֆուտբոլի հավաքականի, նրա մարզչի եւ այլն: Հարկ չհամարելով երկար անդրադառնալ «մեծագույն» մասնագետի «հանճարեղ» մտքերին՝ միայն նշեմ, որ վերջին 10-13 տարիների ընթացքում ՖԻՖԱ-ն 24 անգամ տարբեր ժամկետներով որակազրկել եւ զանազան պատժամիջոցներ է կիրառել անդամ ֆեդերացիաների նկատմամբ՝ տվյալ երկրում պետության կամ երրորդ կողմի կողմից ֆեդերացիաների գործունեությանը միջամտելու պատճառով», - նշված է ՀՖՖ նախագահի գրավոր պատասխանում: