«Սասնա ծռերին» մեքենա տրամադրածի մեղադրանքներից մեկը հանվել է
«Սասնա ծռեր» խմբին բեռնատար տրամադրած Խաչատուր Գիչյանին առաջադրված մեղադրանքներից մեկը հանվել է: Հիմա նա մեղադրվում է միայն շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն օժանդակելու մեջ: «Ա1+»-ի հետ զրույցում Խաչատուր Գիչյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ նախաքննության փուլում սա կարելի է հաղթանակ համարել: Պաշտպանի խոսքերով՝ դատարանում իրենք պայքարելու են արդարացման համար. «Մեղադրանքը թույլ է, ապացույցներ չկան»: Իսկ եթե այնուամենայնիվ, չարդարացվի իր պաշտպանյալը, Տիգրան Սարգսյանը հույս ունի, որ ազատազրկման ձեւով պատիժ չի կիրառվի՝ «հաշվի առնելով նրա տարիքը, նախկինում դատապարտված չլինելը»: Պաշտպան Տիգրան Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ մոտ օրեր գործով նախաքննության ավարտ կհայտարարվի եւ առանձնացված մասով այն կուղարկվի դատարան: