Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գառնիկ Իսագուլյանը մեկնաբանում է Սամվել Բաբայանի դիտարկումները (տեսանյութ)

Քաղաքականություն
isagulyan-1

«Քառօրյա պատերազմից հետո որոշ շրջանակներ մտավախություն էին հայտնում, որ կարող են տարածքային զիջումներ իրականացվել, սակայն վերջին շրջանում Արցախում կատարված աշխատանքներն ուրիշ բանի մասին են խոսում»,- ասում է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, որն օրերս է վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Նրա հետ են եղել նաև մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ Երևանից: «Երբեք մի հավատացեք, որ զիջման տրամադրություն կա: Հավատացեք՝ մանուկ երեխայից մինչև տարեցի մոտ այդպիսի տրամադրություն չկա: Այդ մասին խոսակցությունները Հայաստանում ունեն մեկ նպատակ՝ շահարկել այդ հանգամանքը, իբր գնում են զիջումների և դիվիդենտներ շահել»,- նշում է Գառնիկ Իսագուլյանը: Նա խորհուրդ  է տալիս նման խոսակցություններով զբաղվելու փոխարեն մտածել Արցախում վերաբնակեցում կատարելու ուղղությամբ: Ըստ նրա՝ ամբողջովին վերանորոգվել է դեպի Արցախ տանող ճանապարհի մեծ մասը: «Ամբողջ Հայաստանում այդպիսի ճանապարհ չկա»: Պարոն Իսագուլյանի համոզմամբ՝ Արցախում այնքան լավ բան կա, որ Հայաստանի Հանրապետությունը որոշ բաներ պետք է սովորի Արցախից. «Կարելի է զարմանալ, թե ինչ դրական հարաբերություն կա նախագահի ու ժողովրդի միջև»: Գառնիկ Իսագուլյանի վստահեցմամբ՝ որևէ փոփոխություն չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում. «Առջևում երկու երկրներում էլ ընտրություններ են»: Արցախի Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անհամաձայնություն է հայտնել Սեյրան Օհանյանի պաշտոնանկության հետ կապված՝ նշելով, որ Հայաստանին դեռ պետք է «ռազմական» Պաշտպանության նախարար: «Կարող է բացասական ազդեցություն ունենալ մեկ անձի վրա ծանրաբեռնվածությունը: Այո, պաշտպանության նախարարը քաղաքացիական պաշտոն է, իսկ ռազմական գործերն իրականացնում է Գլխավոր շտաբը: Այնպես որ ճիշտ եմ համարում Վիգեն Սարգսյանի նշանակումը»,- ասում է Իսագուլյանը: Սամվել Բաբայանը խոսել է նաև լայնամասշտաբ պատերազմի հնարավորության մասին. Իսագուլյանը մեկնաբանում է. «Ադրբեջանը միշտ է խոսել պատերազմի մասին և նա պատերազմ կսկսի, երբ իմանա, որ հաղթելու է: Կարծում եմ Արցախի բանակն այդ դեպքում կանխարգելիչ հարված կհասցնի Ադրբեջանին»,- հավելեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը: