Անբարոյականությունը պարտադիր պայման չպետք է լինի. ՀՀԿ-ականը՝ Դալլաքյանին (տեսանյութ)
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին չի զարմացրել, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանը որոշեց կրկին վերադառնալ ընդդիմադիր դաշտ. «Դա առաջին անգամը չէ նրա մոտ: Նա հայտարարել է, որ ձեւավորում է ընդդիմադիր ուժ: Կարծում եմ՝ երբեք պետք չէ ուրիշին մրոտելով, ուրիշի հասցեին ավելորդ հայտարարություններ անելով փորձել դիվիդենտներ շահել, հատկապես իր պարագայում: Կարծում եմ՝ սա վերջին դեպքը չէ, համոզված եմ, որ նա մտնում-դուրս է գալիս իշխանական դաշտից. երկու անգամ նա արդեն ՀՀԿ է ընդունվել: Ես չեմ ընդունում այդ ձեւաչափը՝ այդպես հախուռն, բուռն քննադատելով Սերժ Սարգսյանին՝ այդպես անհիմն հայտարարություններով: Դա ժողովրդի կողմից անընդունելի է: Կարծում եմ՝ քաղաքականության մեջ անբարոյականությունը պարտադիր պայման չպետք է լինի»: Այն կարծիքը, թե Վիկտոր Դալլաքյանի նման քայլն ընդամենը Բաղրամյան 26-ից գործուղում էր՝ առաջիկա ԱԺ ընտրություններին փոշիացնելու ընդդիմադիր ձայները, Գագիկ Մելիքյանը չի կիսում. «Նաեւ կային այլ տարբերակներ, թե նա պայքարելու է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմ: Ես այլ տարբերակի եմ հակված՝ Դալլաքյանն ընդամենը ցանկանում է դառնալ պատգամավոր: Այն ոճը, որով նա ցանկանում է հասնել դրան, սխալ ու անընդունելի է»: Պարոն Մելիքյանը նաեւ ժխտեց այն տեսակետը, թե Վիկտոր Դալլաքյանը ՀՀԿ-ից դուրս է եկել կոնֆլիկտի պատճառով. «Նա ընդամենը ցանկանում էր տեղ ունենալ քաղաքականության մեջ, դառնալ պատգամավոր: Ու մի բան էլ՝ եթե այս ասուլիսից հետո ինձ հետ մի բան տեղի ունենա, Վիկտոր Դալլաքյանին չմեղադրեք»։ Գ. Մելիքյանը սա ասաց՝ ի պատասխան Դալլաքյանի երեկվա հայտարարության։ Նա անդրադարձավ նաեւ նոյեմբերի 26-ին նախատեսված ՀՀԿ համագումարին: Գագիկ Մելիքյանը նշեց, որ լինելու են հստակ փոփոխություններ: Արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը կդառնա՞ ՀՀԿ անդամ. հարցին, նա պատասխանեց. «Ոչինչ մի բացառեք»: