Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ հասկանում, թե ինչու Վիկտոր Դալլաքյանը չորս տարի ձգեց» (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-gaspari

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի կարծիքով՝ ՏԻՄ ընտրությունները որակապես մի քանի քայլ առաջ էին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ եթե մի քանի կուսակցություն համաձայնագիր է  ստորագրել միանալու, բայց ընթացքում ինչ-որ բան է փոխվել, ապա դրա մեղքը չի կարելի բարդել իշխանության վրա. «Մեզ մոտ սովորույթ է դարձել՝ պարտվողը միշտ փորձում է մեղքերը գցել ուրիշի վրա, եւ իշխանությունը պիտի արդարանա, որ ընդդիմությունից ձայն են տվել իշխանությանը»,-ասաց նա: Ասուլիսին ներկա՝ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ նշեց, որ չի կարելի ուրախանալ այն փաստով, որ քվեարկության արդյունքում եղել է դավաճանություն. «Պարզ առաջարկեցին՝ թող լինի բաց քվեարկություն, բայց դա չընդունվեց, որովհետեւ պարզ էր, որ ընդդիմությունը հաղթելու էր: Ամեն ձեւով պահպանել իշխանությունը շատ սխալ է»,-նշեց նա: Սրան ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց. «Ես գտնում եմ, որ դավաճանություն բառը քաղաքական կատեգորիա չէ: ՀՀԿ-ն տարբեր ժամանակ կոալիցիա է կազմել տարբեր կուսակցությունների հետ, որոնք կեսից հրաժարվել են, հեռացել: Հիմա իրավիճակից, նպատակահարմարությունից ելնելով քաղաքական ուժի ներկայացուցիչը այլ որոշում է կայացրել: Հնարավոր է՝ անձի նկատմամբ է եղել վերաբերմունքը, որը փոխվել է: Մարդու քաղաքական դիրքորոշումը դա է եղել այդ պահին»,-նշեց Ռուզաննա Մուրադյանը՝ հավելելով, որ պետք է մեխանիզմը փոխել, որպեսզի կուսակցությունները համախմբվեն ոչ թե անձի, այլ  գաղափարի շուրջ: Ինչ վերաբերում է Վիկտոր Դալլաքյանի՝ ընդդիմադիր դառնալուն, ապա ՀՀԿ-ական պատգամավորը ոչ մի վատ բան չի տեսնում դրա մեջ. «Դա մարդու որոշումն է, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր անելիքը, դա զուտ իր իրավունքն է: Վիկտոր Դալլաքյանը բավականին փորձառու քաղաքական գործիչ է եղել, շատ լավ գիտակցում եւ տեսում է իր տեղը, իր անելիքը»,-ասաց նա: Արամ Սարգսյանն էլ նշեց, որ լավ է ճանաչում Դալլաքյանին եւ զարմանում է, թե ինչու նա այդքան երկար մնաց իշխանության շարքերում: «Թե վերջին չորս տարվա ընթացքում ինչ է  կատարվել, տեղյակ չեմ, չգիտեմ՝ ինչու եղավ այդպես, կարող եմ ասել, որ շատ երկար դիմացավ, համբերությունը երկար տեւեց: Չեմ հասկանում, թե ինչու չորս տարի ձգեց»: