Գևորգ Սաֆարյանն ազատ կարձակվի՞. որոշումը՝ մեկ ժամից (տեսանյութ)
Քիչ առաջ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց ազատ արձակել նրան։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին միջնորդությունը ներկայացնելիս պաշտպանը նշեց, որ Գևորգ Սաֆարյանն ազատության մեջ մնալով չի կարող ազդել գործի քննության վրա, քանի որ վկա ոստիկաններն արդեն հարցաքննվել են, ինչպես նաև մյուս վկաները ներկա պահին կամ գտնվում են անազատության մեջ, կամ հետախուզման մեջ։ Պաշտպանը նկատի ուներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին։ Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ Գևորգ Սաֆարյանն անազատության մեջ մնալով նաև հիվանդություն է ձեռք բերել ոտքի շրջանում, ուստի դա եւս հիմք է՝ նրան ազատ արձակելու համար։ Դատախազը առարկեց միջնորդության դեմ, իսկ դատավորը որոշումը կկայացնի մեկ ժամվա ընթացքում։ Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ։ Գևորգ Սաֆարյանը համոզված է, որ դատարանը մերժելու է միջնորդությունը։