«Նախընտրում են Հալեպում մնալ, քան գալ Հայաստան» (տեսանյութ)
Հայաստանի հետ հալեպահայերը շատ ավելի մեծ հույսեր էին կապում, սակայն հետո պարզ դարձավ, որ ՀՀ-ում գործ գտնելը բավականին դժվար է. այսօր հայտարարեց գրող-հրապարակախոս Հակոբ Միքայելյանը։ Ու ինչն է զարմացրել սիրիահայերին, որոնք եկել էին Հայաստան՝ մշտական բնակության։ Երեւանում ահագին դատարկ շենքեր կան կառուցված, սակայն ինչո՞ւ դրանք չեն հատկացվում փախստականներին, որ կարողանան ոտքի կանգնել: Արդյունքում մարդիկ սկսել են հուսահատվել, որ Հայաստանը նրանց համար ոչինչ չի կարող անել: Մյուս բանախոսը՝ ֆեյսբուքյան «Հալեպահայեր» էջի համակարգող Սոսի Միշոյանը, նշեց, որ 2014թ. է դուրս եկել Հալեպից, երբ Քեսաբի դեպքերը եղան. «Երեկ խոսում եմ Հալեպում մնացած ընկերուհուս հետ, նա ասում է, Սոսի, քո եղած օրերը փառքի օրեր էին, հիմա հալեպահայերը հուսահատ են, սպասում են, թե մահվան կառքը երբ պիտի գա, քանի որ նյութապես ապահովված չեն, չեն կարողանում դուրս գալ Սիրիայից: Քաոսային կյանք են վարում, անգամ մահվան են դատապարտվում, նրանց անհրաժեշտ է մարդասիրական օգնություն»: Նա եւս նշեց, որ շատ սիրիահայեր, երբ եկան ՀՀ, հիասթափվեցին. «Իսկ Հալեպում մնացածները հիմա վախենում են գալ՝ գան այստեղ ի՞նչ անեն: Ուզում եմ ասել, որ բոլոր դժվարություններով հանդերձ հայերը նախընտրում են Հալեպում մնալ, քան գալ ՀՀ՝ խոստումներն ու իրականությունը տարբեր են»: