Տիգրան Մուկուչյանը վերընտրվեց ԿԸՀ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հրապարակեց ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածության՝ փակ, գաղտնի քվեարկությամբ ստացված արդյունքները: Ըստ այդ արդյունքների՝ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուի՝ Տիգրան Մուկուչյանի օգտին կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 4, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ: ԿԸՀ 6 անդամի ընտրության ժամանակ անվավեր է ճանաչվել 21 քվեաթերթիկ: Բոլոր վեց անդամները ձայների մեծամասնությամբ ընտրվեցին: ԿԸՀ վերընտրված նախագահ Տիգրան Մուկուչյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց վստահության համար, որը, ըստ նրա, ենթադրում է ավելի շատ պատասխանատվություն. «Քանի որ նոր ԿԸՀ-ն ձեւավորվեց նոր ԸՕ-ի ժամանակ, այժմ շատ իրավիճակների համար առկա է նոր լուծումներ փնտրելու հրամայական: ԿԸՀ-ն միշտ բաց է օբյեկտիվ քննադատության, ինչպես նաեւ ցանկացած համագործակցության համար»: ԿԸՀ նորընտիր կազմին մոտեցան շնորհավորելու ՀՀԿ պատգամավորները: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը չի մասնակցել քվեարկությանը, թեեւ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը մասնակցեց ընտրությանը, իսկ ԲՀԿ-ն ազատ էր թողել քվեարկությունը: