«Որոշ ուժեր ՏԸՀ-ներում բիրիքով վաճառել են իրենց տեղերը» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր շարունակվեց ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածության հարցի քննարկումը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նախորդ ելույթներում իրենց հասցեին հնչած մեղադրանքներին. «Գաղտնիք ասած չեմ լինի, որ քաղաքական ապագա ունեն այն ուժերը, որոնք արժանապատիվ ընդունում են իրենց պարտությունը: Դա նշանակում է, որ կուսակցական կենսական ներուժ ունես, որ հետևություններ անես պարտությունից: Այն ուժերը, որոնք ՏԻՄ ընտրություններին գրավեցին վերջին պատվավոր տեղերը, որոնց համար ընտրությունները ընդամենը սպարտակիադա էին ու ժողովրդին էլ անվանեցին ծախված ու դերասան, նրանք ապագա չունեն: Ուզում եմ նաեւ ասել՝ այդ ուժերը ՏԸՀ-ներում բիրիքով վաճառել են հանձնաժողվում իրենց տեղերն ու վստահված անձանց տեղերը»: Նա կրկին անգամ խոսեց վիրտուալ դաշտում ունեցած աջակցության անհեռանկարայնության մասին. «Որոշ աղանդավորական ուժերի հիմնական անելիքը լայքերը կալկուլյատորով քվեի վերածելն էր՝ էս մի բարեւն էլ գրանցեցինք՝ որպես ինձ մի ձայն: Իսկ ԲՀԿ-ին ձայների առուծախի մեջ մեղադրելը առնվազն անպարկեշտ եմ համարում, քանի որ ստացել ենք այն, ինչ քաղել ենք մեր աշխատանքի արդյունքում»: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ որոշել էին ազատ քվեարկել ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածություններին, սակայն լսելով ԿԸՀ անդամներից մեկի՝ Սեյրան Շահսուվարյանի ելույթը՝ մտափոխվել են. «Մի թեկնածու, որ չի ցանկանում քվեարկած ընտրացուցակները հրապարակել, այլ միայն զբաղվել լրագրողների դաստիարակությամբ, վերադաստիարակությամբ, արդար ուղու վրա դնելով, ուզում եմ հասկանալ՝ ԿԸՀ անդամի լիազորությունների մեջ մտնո՞ւմ է օրենքով նման կետ, թե ոչ: Լրագրողների դեմ սրբազան պայքարի դուրս եկած թեկնածուին մենք դեմ ենք լինելու»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում եւս հայտարարեց, որ պատգամավորները խոսեցին ոչ թե ԿԸՀ-ից, այլ իրենց դարդերից. «Նաեւ ուզում եմ ասել Տիգրան Մուկուչյանին՝ դուք որեւէ պատասխանատվություն չեք կրում ձեր նախորդների կատարած աշխատանքի համար,ինչպես ասվեց ելույթներից մեկում: Ինչպես մեծն վարպետի խոսքերն են ասում՝ տառապանքը փորձ ունի, ու իրենց այդ տառապանքը նրանք փորձում են փաթաթել ձեր հանձնաժողովի վրա: Դրանք ընդամենն իրենց հեղինակազրկումն արդարացնելու միտումներ են: Իսկ քաղաքական ուժերին ուզում եմ ասել՝ դուք ձեր ձայների ու հեղինակության մասին պետք է մտածեք, այլ ոչ ՀՀԿ-ի»: