Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատերը Ղարաբաղի տեղն էլ չգիտեն, բայց ապրում են բարեկեցիկ»

Հասարակություն
Ceruk

Արդեն մի քանի տարի է,  որ վոլեյբոլի մարզիչ Ռազմիկ Սուլթանյանն ամեն տարի անկախության տոնն ու Ցեղասպանության հիշատակի օրն անցկացնում է Եռաբլուրում: Նախ Մոնթեի, ապա նաեւ՝ երբեմնի հարևան՝ Ծերուկ մականունով  հայտնի Հայկազ Դանիելյանի շիրիմներին  է այցելում: «Շատ ցավալի է,  որ հիմա նրա որդիներից երկուսը շատ վատ վիճակում են, մեկը Ռուսաստանում է, մյուսը Մալաթիայի տոնավաճառում սայլակներ քշելով է հաց վաստակում: Մինչդեռ, շատ մարդիկ, որոնք Ղարաբաղի տեղն անգամ չգիտեն, ապրում են շատ բարեկեցիկ»,-ասում է Ռազմիկ Սուլթանյանը: Թե ինչ մարտական ուղի է անցել Ծերուկը, Ռազմիկ Սուլթանյանը չգիտի։ Գիտի, որ զոհվել է 1993-ին՝ Մարտակերտում: Նա պատմում է, որ երբ Արցախյան շարժումը սկսվեց՝ ոչ ոք չզարմացավ, որ 60 անց ծերունին միացավ հիմնականում երիտասարդ ազատամարտիկներին: Շատերն էին ծանոթ նրա՝ հայոց պատմության տարբեր դրվագներին վերաբերող պատմություններին ու լավագույն Հայաստանի մասին երազանքներին: «Մենք հիմա ունենք նրա երազած Հայաստանը, բայց չունենք համապատասխան իշխանությունները: Հիմա Հայաստանին մարդկանց խումբ է հարկավոր, որոնք ոչ միայն իրավունքներ կունենան, այլեւ պարտականություններ»,-ասում է Ռ. Սուլթանյանը: Ըստ նրա՝ ամենակարեւորը՝ մարդկանց արժանապատիվ աշխատանքով ապահովելն է ու տնտեսությունը զարգացնելը, առանց դրա, որեւէ ոլորտում հաջողությունները մնայուն չեն լինի: