«Հակաանկախական ուժերի հետ անկախություն նշելու ցանկություն չունենք»
«Հայ ազգային կոնգրեսը» հրավիրված է Անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարություններին, սակայն չի մասնակցելու տոնական միջոցառումներին։ Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքերով իրենք նշելու են տոնն այն մարդկանց հետ, որոնք պայքարել են անկախության համար։ «Հակաանկախական ուժերի հետ անկախություն նշելու ցանկություն չունենք: Անկախությունը ծվատող, ոչնչացնող քաղաքական ուժ է այսօրվա իշխանությունը»,-ասաց նա: Արամ Մանուկյանը լրագրողների հետ հան հանդիպման էր եկել «ՀՀ անկախության 25-ամյակ» վերնագրով՝ նոր տպագրված փաստաթղթերի ժողովածուով։ Այս ժողովածուն կազմել են Աշոտ Սարգսյանը, Բաբկեն Արարքցյանը, ներդրում է ունեցել նաեւ ինքը: Արամ Մանուկյանն ընդգծեց, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ ԽՍՀՄ-ում սկսեց անկախացման շարժում։ «Ի տարբերություն մյուս երկրների, որոնք անկախություն ընդունեցին որոշումներով եւ հրամանագրերով, Հայաստանը միակ երկիրն էր, որ անկախության գնաց հանրաքվեով։ Սա պատահական չէ, քանի որ հանրաքվեի արդյունքը միջազգայնորեն եւ իրավաբանական տեսանկյունից անբեկանելի է»։ Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերվում Հանրային խորհրդի առաջարկին, որպեսզի երեք նախագահները ներկա լինեն Անկախության տոնին՝ միասին նշելու այն, Արամ Մանուկյանն ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու և իրենք առանձին են նշելու: