Հիանալի տեղն՝ ըստ ՔԴԵԴ-ական պաշտոնյաների (տեսանյութ)
Երբ պաշտոնյան որպես նախկին շրջանավարտ գալիս է ՔԴԵԴ, ուրեմն հիշելիք ունի։ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ԵԽ երեւանյան քաղաքական դպրոցի առաջին շրջանավարտներից է։ Դպրոցի 12-րդ ուսումնական տարվա մեկնարկին նա հիշում է՝ ինչպես ինքն ու ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը դարձան նույն դասարանցի, իսկ այդ ժամանակ՝ 2005թ-ին, ոչ ինքն էր բարձրաստիճան պաշտոնյա, ոչ էլ Թորոսյանը։ «Սա հիանալի տեղ է, որտեղ կարողանում եք ձեր տեսակետներ ներկայացնել կամ բանավեճի միջոցով հղկվել՝ առանց թերագնահատված զգալու»,-ասում է Արծվիկ Մինասյանը։ Այստեղ, ըստ նրա, կարող ես հանդիպել մարդկանց, ովքեր կարեւոր դերակատարություն ունեն, բայց կարող ես չկիսել նրանց տեսակետը եւ բանավիճել։ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը այսօր մեկնում է Երեւանից, բայց ժամանակ է գտել՝ ողջունելու նորեկներին։ Ինքը այս դպրոցը չի ավարտել, բայց հիմնադրման գործում ներդրում ունեցել է ։ Շավարշ Քոչարյանը մնում է իր տեսակետին՝ այս դպրոցի շրջանավարտները պետք է լինեն այն էլիտան, որոնք պետք է զարգացնեն երկիրը տարբեր ոլորտներում։ ՔԴԵԴ տնօրեն Արմեն Զաքարյանն էլ շեշտում է՝ 12 տարվա ընթացքում դպրոցի առաքելությունը չի փոխվել, եւ ամեն տարի շրջանավարտներն ավարտում են՝ ստանալով գաղափարներ եւ գիտելիքներ։ Հերթական շրջանավարտներին այսօր դիպլոմներ հանձնվեցին։ ԵԽ Քաղաքական պլանավորման տնօրեն Մաթյազ Գրուդենը հանձնեց դիպլոմները՝ ափսոսանք հայտնելով, որ երբ ինքը դեռ շատ երիտասարդ էր՝ 90-ական թվականներին, չկային այսպիսի դպրոցներ, որոնք կնպաստեին քաղաքական մշակույթի ձեւավորմանը։