Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Բաբայանը՝ իրեն նախարարական պորտֆել առաջարկելու մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
Babayan

«Ռեֆորմիստներ»  նորաստեղծ կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի կարծիքով, Հովիկ Աբրահամյանի կառավարությանը հաջողվել էր պահպանել այն տեմպերը, որոնք անհրաժեշտ էին երկրում կայունության ապահովման համար: Սակայն այդ տեմպերը բավարար չէին երկրի զարգացման առումով շոշափելի արդյունքի հասնելու համար: Պատգամավորի կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը եւ Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում պետք է  դիտարկել երկրում զարգացում ապահովելու տեսանկյունից: «Ցանկությունների մասին խոսելը վաղ է: Կան խոսակցություններ՝ Հայաստանը Սինգապուր դարձնելու մասին, 6-7 ամիսների ընթացքում որեւէ կառավարության չի հաջողվի անել այն ամենն, ինչ անհրաժեշտ է ժողովրդի ցանկությունն ու պատկերացումները տեսանելի դարձնելու համար, քանի որ դա միանգամից չի լինում: Ինքնախաբեությամբ զբաղվել պետք չէ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ զարգացում ապահովելու համար նախ պետք է ձեւավորել լավ մենեջերների թիմ, որոնք օրվա մեծ մասն աշխատելով կկարողանան կարճ ժամանակահատվածում հաջողություն գրանցել: «Նոր կառավարությունը պետք է «բլից կրիգի» նման ինչ-որ բան անի, կտրուկ քայլերի է պետք գնալ եւ արագ լուծումներ տալ: Կանի դա կառավարությունը, թե ոչ՝ այսօր գնահատականներ տալը կարծում եմ սխալ է»,- ասաց Վ. Բաբայանը: Անդրադառնալով «Ա1+»-ի հարցին, թե որքանով է իրականությանը համապատասխանում իրեն նախարարական պորտֆել առաջարկելու մասին մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, Վ. Բաբայանն ասաց, որ իրեն նման առաջարկ չի եղել: «Կլինի առաջարկ՝ կքննարկենք»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ  մինչ այդ, խոսել թե հատկապես որ պաշտոնում է իրեն տեսնում, պարզապես անլուրջ է: «Ես ներկայացրել եմ թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ  տարբեր ոլորտներում՝ սոցիալական, տնտեսական, բնապահպանական, էներգետիկ եւ, իհարկե, մեր կուսակցությունը  պատրաստ է  համագործակցել նոր կառավարության հետ»,- ասաց նա: