Հայաստանը, այնուամենայնիվ, մասնակցել է «Քոչվորների համաշխարհային խաղերին»
Ղրղըզստանում ավարտված «Քոչվորների համաշխարհային 2-րդ խաղերում» Հայաստանի մարզիկները նվաճել են երեք մեդալ: Այդ մասին տեղեկացնում է խաղերի ֆեյսբուքյան էջը: Մաս-ռեստլինգի մրցումներում Հովհաննես Հովհաննիսյանը եւ Կարեն Մարտիրոսյանը 2-րդ տեղերն են զբաղեցրել համապատասխանաբար 70 եւ 80 կգ քաշային կարգերում, իսկ ահա 60 կգ քաշային Նարեկ Թադեւոսյանը բավարարվել է 3-րդ տեղով: Մեդալների հաշվարկով Հայաստանը 56 երկրների մեջ զբաղեցրել է 20-րդ տեղը՝ մեկով առաջ անցնելով ԱՄՆ-ի թիմից: Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը հրաժարվել էր մասնակցությունից, իսկ նախարար Գաբրիել Ղազարյանը հայտարարել էր, որ այդ խաղերում հանդես եկած մարզիկները կպատժվեն: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը նույնպես հայտարարություն է տարածել այն մասին, որ ոչ մի կապ չունի խաղերին մասնակցած հայ մարզիկների հետ: