Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներդրվում է էլեկտրոնային նոտարի ու կտակի շտեմարանի համակարգ

Հասարակություն
computer-typing

Այսօր գործադիրը հավանություն է տվել  «Նոտարիատի մասին» և մի շարք հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ  օրենքների նախագծերի փաթեթին: Սույն նախագծով կներդրվի մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցումը և էլեկտրոնային նոտարի համակարգը, ինչը հնարավորություն կտա նոտարի կողմից գործողությունների` առավելապես նոտարի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերի միջոցով կատարմանը և կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը և կապահովի սպասարկման բարձր որակը: Նախագծով ներդրվում է նաև լիազորագրերի էլեկտրոնային շտեմարանը, ինչը կնպաստի լիազորագրերի  կեղծման ռիսկի նվազեցմանը: Նախատեսվում է նաև  պաշտպանված տիրույթում ներդնել կտակների էլեկտրոնային շտեմարանի և ժառանգական գործերի վարման բաժին, որը  հնարավորություն կտա ապահովել ժառանգության գործընթացի անվտանգությունը: Միաժամանակ, զգալիորեն կպարզեցվեն և կավտոմատացվեն ժառանգության հետ կապված գործընթացները: Համակարգը պետք է համակցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների բազայի հետ, որպեսզի անձի մահանալու և համապատասխան ժառանգության գործի բացման դեպքում հնարավոր լինի հստակ իմանալ կտակի առկայության մասին: Բացի այդ, նախատեսվում է կարգավորել նոտարի պատասխանատվության հետ կապված հարցերը: Նոտարի նյութական պատասխանատվությունը սահմանափակված է միայն նրա կողմից դիտավորյալ հասցված վնասի փոխհատուցմամբ, իսկ նախագծով կնախատեսվի գույքային պատասխանատվություն նաև անզգուշությամբ պատճառված վնասի դեպքում: