Հայաստանում այսօր անհնար է որեւէ գույք վաճառել. Բագրատ Ասատրյան (տեսանյութ)
Հուլիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է 13.6 տոկոսով։ Սա Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալն է։ Անշարժ գույքի շուկան ցուցիչ է երկրում տնտեսական, քաղաքական իրավիճակի։ Վիճակը վատանում է՝ շուկան համապատասխան արձագանքում է։ Տնտեսագետ Բագրատ Ասատրյանին Կադաստրի ներկայացրած գները զարմացրել են. «Ես ուղղակի փորձեցի, դրեցի հաշվիչը ու հաշվեցի, մի բան հասկացա, որ մեկը հրահանգ է տվել, որ դնեն ու նկարեն էդ թվերը։ Գրեք ասենք եւ էրեբունի համայնքներում դրեք ու նկարեք։ Դրեք բաժանեք՝ 0.5 տոկոսով գները նվազել են։ Շուկայում տենց բաներ չեն լինում»։ Երեւանի Կենտրոնում գներն ամենաբարձրն են։ Մեկ քառակուսի մետրի արժեքը 428 250 դրամ է, նախորդ տարվա 428 հազարի փոխարեն։ Գործարքների քանակն էլ՝ թերեւս ամենաշատը։ Միայն թե, տնտեսագետի բնորոշմամբ, քաղաքի այս հատվածում անշարժ գույքի ներդրումները տնտեսական գործառույթ չունեն։ Այստեղ բնակարաններ են ձեռքբերում հիմնականում Իրանի, Լիբանանի, Սիրիայի եւ Ռուսաստանի մեր հայրենակիցները: «Ես չեմ ուզում ասել ոչ մաքուր փող, բայց հարկերից խուսափելու միջոց էր Հայաստանում ներդրում անելը։ Այսինքն՝ իր տնտեսական էությունն այստեղ ցածր էր։ Եկեք անկեղծ խոսենք, դա բոլորը գիտեն. Կենտրոնի շինարարության զգալի մասը, Հյուսիսային պողոտան, շուրջ 20 տոկոսը մեր պաշտոնյաների կաշառքից ստացած գույքն է, որը եւս տնտեսական գործառույթ չունի»։ Վիճակագրության համաձայն՝ հուլիսին Հայաստանի բոլոր մարզերում միասին վաճառվել է 299 բնակարան։ Այն 3.9 տոկոսով ցածր է հունիսի ցուցանիշից եւ 14.8 տոկոսով՝ 2015 թ-ի հուլիսից։ Բագրատ Ասատրյանն ընդգծում է՝ մարզերում, հատկապես գյուղերում, առհասարակ գույքը արժեք չունի։ Տնտեսագետն անձամբ է առնչվել խնդրին, նաեւ անձնական շփումները թույլ են տալիս ասել՝ այսօր շատ դժվար է, եթե ոչ անհնար, որեւէ գույք վաճառել։ Պահանջարկ առհասարակ չկա։