Բողոքարկվել է Մխիթար Ավետիսյանի կալանքի որոշումը. Հետք
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը «Սասնա Ծռեր» խմբի կալանավորված անդամներից երեքի պաշտպանությունն է իրականացնում՝ Պավել և Արամ Մանուկյանների, նաև Մխիթար Ավետիսյանի: Փաստաբանը փոխանցեց, որ երեքն էլ նույն ընտանիքի անդամներ են. Մխիթար Ավետիսյանը Արամ Մանուկյանի քեռին է, Պավել Մանուկյանի աներձագը: Մխիթար Ավետիսյանը Արցախյան պատերազմի մասնակից է, «Նոր Հայաստան» շարժման անդամ: Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես են Շտապօգնության ծառայության բժիշկները օգնություն ցույց տալիս գլխի վնասվածք ստացած Մխիթար Ավետիսյանին (գլխին կարեր են դրվել), որը մինչև հուլիսի 31-ը հրաժարվել է դուրս գալ ՊՊԾ գնդի տարածքից ու հոսպիտալացվել: Մխիթար Ավետիսյանը մեկն է «Սասնա Ծռեր» խմբի այն 20 անդամներից, որոնք հուլիսի 31-ին որոշեցին զենքերը վայր դնել: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ Մխիթար Ավետիսյանը գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, առողջական վիճակը բավարար է: Նա նույնպես կալանավորված է, սակայն փաստաբանը կալանքի որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Ինեսսա Պետրոսյանի դիտարկմամբ` կայացվում են քաղաքական որոշումներ: Ասում է, որ որևէ հույս չունի դատական տեղական ատյաններից: Պարզապես պետք է սպառել ներպետական ատյանները` բողոքները Եվրոպական դատարան հասցնելու համար: Մանրամասներն այստեղ Լուսանկարը՝ Հետքի