Վերջնական եզրակացությունից հետո Դավիթ Սանասարյանը կորոշի անելիքը. փաստաբան (տեսանյութ)
Սարի թաղի դեպքերից հետո կալանավորված Դավիթ Սանասարյանի փաստաբանը ստացել է իր պաշտպանյալի բուժզննության արդյունքները։ Դավիթի մոտ հայտնաբերվել է միզաքարային հիվանդություն։ Առաջիկայում կկատարվի նաեւ ուլտրաձայնային հետազոտություն։ «Արդեն վերջնական եզրակացություն ստանալու դեպքում մենք կորոշենք մեր հետագա քայլերը»,-ասում է փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ։ Հուլիսի 30-ից կալանավորված Դավիթ Սանասարյանը սուր գլխացավեր ունի, որը հետեւանք է հուլիսի 19-ին Ազատության հրապարակից բերման ենթարկելիս նրա նկատմամբ կիրառված բռնության. «Ի թիվս այլ մարմնական վնասվածքների՝ Դավիթը ուղեղի ցնցում էր ստացել»: Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 225 –րդ հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում; Հոդվածը նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում. «Որոշումը հիմնված է բացարձակապես ոստիկանության ցուցմունքների հիման վրա»։ «ժառանգության» մամլո խոսնակի կալանավորումը համարելով ապօրինի՝ փաստաբանը դիմել է Վերաքննիչ դատարան։ Կալանքի բողոքարկման հարցը կլսվի մոտ օրերս։ Հիշեցնենք, որ Սարի թաղի դեպքերից հետո ազատությունից զրկվել է ոչ միայն Դավիթ Սանասարյանը, այլեւ «Ժառանգության» եւս երկու անդամ՝ Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը։ «Ժառանգությունը» իր երեք ակտիվ անդամների կալանքը համարել է քաղաքական հետապնդում կուսակցության նկատմամբ։