Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինի ասածներն ու իրականությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
Putin_Meetings

«Զարմանալի էր ստի չափը, որը Վլադիմիր Պուտինի հայտարարություններում կար»։ «Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գնահատականը վերաբերում է  Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսին   Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե  Հայաստանը  ՀՆԱ-ի բարձր ցուցանիշ է  գրանցել  ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո։ «Հանրապետությունն արդեն ճաշակել է միությանն անդամակցության բարիքները. 2015 թվականին գրանցվել է ՀՆԱ-ի 10%-անոց աճ»,- ասել է Պուտինը։ Քաղաքացիների բարեկեցության մակարդակը եւ միջազգային ցուցանիշները  բոլորովին այլ պատկերի մասին են  խոսում։ Ասում է Դանիել Իոաննիսյանը. «2015 թվականին 2014-ի համեմատ 10%-անոց անկում է եղել։ Այս տարի  IMF-ի կանխատեսումներով 2014-ի համեմատ անկումը լինելու է 8.5%։ Երբ խոսում ենք ԵԱՏՄ-ի պտուղների մասին՝ եթե մեզ 2013-2014 թվականներին մեզ խոստանում էին ԵԱՏՄ-ից տնտեսական պտուղներ, խոստանում էին անվտանգություն, արդյունքում մենք ստացանք տնտեսական անկում՝ մոտ 8-10%-անոց անկում և պատերազմ»։ Դանիել Իոաննիսյանը նաև նկատել է Պուտինի ոգեւորությունը Ադրբեջանի արագ զարգացող տնտեսության մասին խոսելիս։ Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ ստել է՝ պնդելով, թե Ադրբեջանն ի վիճակի է զենք գնել ցանկացած տեղ: Այդպիսով նա փորձում էր արդարացնել իրենց կողմից Բաքվին զենքի մատարակարարումը։ «Ադրբեջանին Արևմուտքը զենք չի վաճառում, ԵՄ պետությունները զենք չեն վաճառում, Ճապոնիան զենք չի վաճառում, այսինքն՝ զենքի առաջատար արտադրողները Ադրբեջանին զենք չեն վաճառում։ Եվ հարձակվողական զենքեր արտադրող միակ երկիրը, որ համաձայնվում է Ադրբեջանին զենք վաճառել դա Ռուսաստանն է»։ ԼՂ հակամարտության մասին խոսելիս՝ Վլադիմիր Պուտինը ասել է, թե  Ռուսաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կարող են հանդես գալ որպես երաշխավորներ՝ անհրաժեշտության դեպքում ընդունելով ՄԱԿ-­ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևեր։ Սրանով, ըստ Իոաննիսյանի, Պուտինը ակնարկել է Արցախում խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը։ «Օսեթիայում ու Աբխազիայում էլ էին խաղապահներ կանգնած սա ավարտվեց պատերազմի էլ ավելի էսկալացիայով ու ավելի լուրջ պատերազմով։ Խաղաղապահներ վերաբերյալ համաձայնություն տալը պետք է անել շատ մեծ զգուշությամբ և հաշվի առնել, որ թե Հայաստան թե Ադրբեջանը որոշակի կախման մեջ կգտնվեն այն պետություններից, որոնց խաղաղապահները կբերվեն այստեղ, հավանաբար՝ խոսքը Ռուսաստանի մասին է»,- ասում է Դանիել Իոաննիսյանը։ Նա ուշադրության է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա. Ադրբեջանի հետ լայնամասշտաբ ծրագրեր սկսելու ֆոնին Ռուսաստանի նախագահը Հայաստանին անվանեց ռազմավարական գործընկեր՝ շրջանառությունից դուրս թողնելով դաշնակից տերմինը։