Վարչապետը չկատարեց իր խոստումը. օհանավանցի (տեսանյութ)
Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի խնձորի բերքը 15 րոպեում դարձել է անպիտան: Ամառվա կեսին տեղացած կարկուտն ավերել է ամբողջ բերքը՝ թողնելով գյուղացիներին առանց միակ եկամտի աղբյուրի: Խնձորի բերքը օհանավանցիները պետք է աշնանը հավաքեին: Կարլեն Գրիգորյանը վստահ է , որ մոտ 60 տոննա բերք կունենար, իսկ այսօր անգամ մի քանի արկղի հույս չունի: Խնձորի ոչնչացված բերքը գլխավոր թեմա է նաեւ գյուղի կենտրոնի տաղավարում: Չնայած ամենօրյա նարդու ու շախմատի փոխարեն, այս անգամ հացի սեղան է բացված, բայց գյուղում այլ բանի մասին խոսել չեն կարողանում. «Ձմեռը ինչո՞վ են ապրելու մարդիկ, մի բան պիտի լիներ, որ վաճառեին, ապրեին: Վարչապետը եկավ, մեր այգիները տեսավ, ասեց վարկերի սառեցում կլինի, բայց իրա խոստումը չկատարեց: Բանկերից զանգում են, ասում են մեզ հրաման չի եկել, վարկերը բերեք»,- պատմում է օհանավանի բնակիչ Պողոսյան Մեսրոպը: Օհանավանցիները միշտ հպարտացել են, որ իրենց գյուղից խոպանում տղամարդ չկա: Այս անգամ արդեն մի քանի բացակա ունեին, կարկուտից հետո են մեկնել, որ կարողան վարկերը մարել:Մյուս տարի, գյուղացիների պնդմամբ, բացակաների թիվն ավելի շատ է լինելու: