«Սասնա ծռերի» փնտրտուքները մինչեւ ՊՊԾ շենքի գրավումը (տեսանյութ)
«Սասնա ծռերից» յուրաքանչյուրի անձնական պատմությունը արդարության փնտրտուք է… Վարդան Գերավետյանն ուզում էր, որ Տերյան-23 հասցեում գտնվող իր տունը ոչ ոք իր ձեռքից չխլի. «Այս տունը երբ որ նոր ա կառուցվել, ստացել ա իմ պապիկս, ապրել ա ստեղ, մահացել ա ստեղ, տատիկս մահացել ա ստեղ, մայրիկս ստեղ ա մահացել՞: Մեկ տարի առաջ դատարան որոշում է Վարդան Գերավետյանից խլել այս տունը եւ տալ Սամվել Մայրապետյանին: Սասնա մեկ այլ ծուռ՝ Արմեն Լամբարյանը 22 տարի հավատացել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը: Դեռեւս երկու տարի առաջ նրան դուր չէր գալիս իր կուսակցության սիրավեպը իշխանությունների հետ. «Տարի ու կես ա՝ մտորումների մեջ էի՝ դուրս գամ, չդուրս գամ, միգուցե մի բան փոխվի, բայց վերջում տեսանք որ ոչ մի բան չի փոխվում, գնալով էդ կապն ավելի ա խորանում»: Արմեն Լամբարյանը Դաշնակցության Սպիտակի կոմիտեության այն 24 տղաներից էր, որոնք անցյալ տարվա հունվարին հեռացան կուսակցությունից: Պավել Մանուկյանը նույնպես նախկին դաշնակցական է, նա հարյուր հազարավոր դրամների տուգանքներ է մուծել դատարաններում հանրահավաքներին մասնակցելու համար: Նա Բերձորի դեպքերի ժամանակ ծեծվածներից մեկն է. «Առանց յաթաղան մորթվում ենք, գյուղերը դատարկվում են, դպրոցները բարոյազրկվում են, էլ չեմ ասում՝ էն դպրոցը, որ ես եմ ավարտել՝ 458 աշակերտ էր, իսկ այսօր՝ 152: Առանց արյուն մորթում են»: Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների արդարության փնտրտուքն սկսվում է իրենց եղբոր՝ Հայկ Կյուրեղյանին 9 տարվա ազատազարկման դատապարտելուց եւ բազմաթիվ մարդասպանների չդատապարտվելուց. «Եթե մենք համեմատում ենք այն մարդկանց հետ, որոնք մարդ են սպանել, ազատության մեջ են, գրավով են բաց թողնված, ապա ականջի քերծվածքի համար 10 տարին, դա քաղաքական հետապնդում է»: Սասնա մեկ այլ ծուռ Գագիկ Եղիազարյանին մեր իրավապահներն առաջին անգամ ձերբակալել էին 2015-ի դեկտեմբերի 8-ին Մոսկովյան փողոցից: Առանց պատճառաբանության: Արցախյան պատերազմի հերոս Արայիկ Խանդոյանը պահակ էր աշխատում եւ առանց հավակնությունների լռել էր տասնյակ տարի: Սերժ Սարգսյանը խոսացրեց. «էդ մարդը չի ընտրել, ախպեր, այ ստեղ կանգնած 80 տոկոսը չի ընտրել, ինքը այ էս զենքով ինձ էլ քեզ էլ իմ ախպորն էլ սպանել ա»։ «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի անունն այսօր գրեթե բոլոր հայաստանցիների շուրթերին է: Մեր տեղեկություններով, Ղարաբաղում Արթուրը վիրավորվել է հենց ռազմաճակատի տղաներին սնունդ հասցնելիս: Սոված մարդը արդարություն հաստատելու նրա մղումն էր: Այսօր նա, ինչպես նաեւ արդարություն փնտրող Սասնա բոլոր ծռերը բանտում են: