Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է հասկանալ՝ կողմերն ինչ շահ ունեն և շարժվել դրանով»

Քաղաքականություն
med

«Ոստիկաններին հետ ստանալուց հետո իշխանությունները համարեցին, որ իրենց գործն արված է և սկսեցին «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ ու ջուր չմատակարարել»,- «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկմանը նշում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա առաջարկում է դիպուկահարներին հեռացնել այդ գոտուց, ինչպես նաև՝ դիմում է ոստիկաններին՝ չկատարել հանցավոր հրամաններ. «Միջազգային պրակտիկայում կա նման փորձ, որ իրավապահները հրաժարվում են հանցավոր հրամաններ կատարել»: Բանակցային գործի մասնագետ Աշոտ Խուրշուդյանի կարծիքով՝ ճիշտ բանակցություններ վարելու համար պետք է հասկանալ խնդիրները. «Պետք է կարողանանք զտել այս պահին որ խնդիրն է ստեղծում այս վիճակը և բանակցել դրա շուրջ: Պետք է հասկանալ՝ ամեն կողմն ինչ շահ ունի և շարժվել դրանով»: Նրա պնդմամբ՝ ամենալուրջ խնդիրներից մեկը հաղորդակցությունն է. «Վիտալի Բալասանյանը միջնորդություն իրականացրեց, լավ իրականացրեց իր գործը, բայց հարց է՝ արդյո՞ք այս իրավիճակում ինքը կկարողանար միայնակ այս գործը աներ, թե՞ թիմ էր պետք»: Պարոն Խուրշուդյանի կարծիքով՝ կողմերը շատացել են և հաջորդ միջնորդը պետք է բոլորի հետ բանակցի: Բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը, ով ապրում է Բոստոն քաղաքում, skype-ով իր դատողություններն է ներկայացնում ստեղծված իրավիճակի շուրջ. «Պետք է անել ամեն ինչ, որ լուծումը գտնվի, տարածքը ամբողջովին վերահսկողության տակ է, պետք է ոչ մի աղմուկ չլինի, պետք է բանակցի թիմ, ոչ թե մեկ հոգի, և կարևոր է, որ կողմերը միմյանց նկատմամբ վստահություն ունենան: Եթե դա չկա, մենք չենք ունենա բանակցություն»: Նրա պնդմամբ՝ պետք չէ բացասական դատողություններ անել դիպուկահարների ներկայությունից. «Եթե նրանք կան, չի նշանակում, որ անպայման պետք է կրակեն: Ուժային կողմը պետք է լինի, բայց այն օգտագործվի խիստ սահմանափակ դեպքերում»: Աշոտ Խուրշուդյանի պնդմամբ՝ ներսում գտնվողներից որոշների մոտ Ղարաբաղում գտնվելու իրավիճակն է. «Բանակցողը պետք է սա հաշվի առնի: Պետք է մի մարդ գնա, որ հուզական կողմով ևս կարողանա այդ մարդկանց հետ խոսել»: Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ այժմ բանակցություններում նաև հիշողության գործոնը կա. «Իշխանության նկատմամբ վստահության մակարդակը շատ ցածր է, նրանք վախենում են զիջումների գնալ՝ կարծելով, որ դա թուլություն կընկալվի»: Նա առաջարկում է իշխանություններին՝ բաց թողնել Ժիրայր Սեֆիլյանին, այլ ոչ թե հանրահավաք անողներին ցրել: Քաղաքագետի պնդմամբ՝ բացառիկ բան է, երբ ուժով որևէ շենք է գրավվում, բայց մարդիկ աջակցում են գրավողներին: