2 կողմերում քաղաքացիները սպասում են խաղաղության և արդարադատության. FIDH
Լեռնային Ղարաբաղ. հակամարտության մեջ գտնվող երկու կողմերի տուժած քաղաքացիական անձինք սպասում են խաղաղության և արդարադատության Իրավիճակի գնահատում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) կողմից Խորհրդային Միության փլուզումից հետո, վերջին երեսուն տարիների ընթացքում տարածաշրջանի առավել աղետալի հակամարտություններից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի[1] կարգավիճակի շուրջ հակամարտությունը, շարունակում է մարդկային կյանքեր խլել: 2016 թվականի ապրիլին բռնության էսկալացիայից հետո, որը ամենաթեժն էր 1994 թվականի հրադադարից հետո, ինչպես նաև 2016 թվականի մայիսին Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների միջև Վիեննայում տեղի ունեցած դռնփակ հանդիպումից հետո կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հրադադարի խախտումների և խաղաղության հասնելու գործում առաջընթաց չարձանագրելու համար: 2016 թվականի ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում (Հարավային Կովկաս) և դրա շուրջ մարտական գործողությունների նոր ալիքը մի քանի տասնյակ մարդկային կորուստների պատճառ դարձավ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում: Զոհերի ճշգրիտ թիվը հնարավոր չեղավ հաստատել անկախ աղբյուրներից: Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պաշտպանության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 2-5-ը 92 անձ է սպանվել, ներառյալ` 4 քաղաքացիական անձինք[2]: Ավելի ուշ հաստատվեց ևս մեկ անհայտ կորած սպայի մահվան փաստը, և զոհերի թիվը հասավ 93-ի[3]: Ադրբեջանական կողմը հաղորդել է նույն ժամանակահատվածում 6 քաղաքացիական անձանց[4] և 31 զինվորական ծառայողների[5] սպանված լինելու մասին: 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած բռնի գործողությունների այս լուրջ ակտիվացումն առաջինը չէր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կազմավորման և Ադրբեջանի միջև 1994 թվականին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրից հետո: Քանի որ դրան չհաջորդեց հակամարտության խաղաղ կարգավորումը, և՛ Լեռնային Ղարաբաղի շփման գծի, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի թիվը տարիների ընթացքում աճեց: 2014-2015 թվականներին ամեն օր տեղի են ունեցել գնդակոծություններ և բռնի գործողություններ՝ իրավիճակի մի քանի լուրջ սրացումներով, որոնց արդյունքում սպանվեցին տասնյակ զինծառայողներ, վիրավորվեցին կամ սպանվեցին քաղաքացիական անձինք, վնասվեց քաղաքացիական անձանց պատկանող գույքը: Ըստ հրապարակված տվյալների, անցած տարվա ընթացքում քաղաքացիական զոհերը հիմնականում եղել են հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի գնդակոծության պատճառով, մինչդեռ մարտական կորուստները հիմնականում գրանցվում են Լեռնային Ղարաբաղի սահմանին: Չնայած լայնամասշտաբ պատերազմի վերածվելու մշտական վտանգին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպառազինման՝ մտահոգություններ առաջացնող մրցավազքին, հակամարտությունը շարունակում է միջազգային հանրության մոտ սահմանափակ հետաքրքրություն առաջացնել: Այս գործոնը, ինչպես նաև հրադադարի պահպանման մշտական մոնիթորինգի մեխանիզմի բացակայությունը և հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի վերաբերյալ քննության չիրականացումը հանգեցրեցին նրան, որ 2016 թվականի ապրիլի 2-5-ին տեղի ունեցավ ռազմական գործողությունների նոր բռնկում: Ապրիլի 5-ին ձեռքբերված և 2016 թվականի մայիսին Վիեննայում վերահաստատված հրադադարի պահպանման մասին բանավոր պայմանավորվածությունը, ինչպես հաղորդվում է, երկու կողմերն էլ ամեն օր խախտում են՝ իրավիճակը դարձնելով առավել անկայուն: Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո Պաշտպանության նախարարության հաղորդած և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաստատված տվյալների համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով առնվազն 17 ԼՂ դե ֆակտո զինծառայող է սպանվել[6]: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է ապրիլի 5-ից հետո ԼՂ շփման գծում առնվազն 5 զինծառայողի[7] մահվան մասին: Եթե միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկի, ապա վտանգ կա, որ հակամարտությունը կդառնա լայնածավալ՝ հանգեցնելով նոր քաղաքացիական կորուստների և Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների՝ միևնույն ժամանակ սրելով տարածաշրջանում չափազանց անկայուն իրավիճակը: Միջազգային անկախ դիտարկման բացակայության պատճառով կա հավաստի աղբյուրների պակաս, ինչի հետևանքով ասեկոսեներ և քարոզչություն է տարածվում զոհերի թվի և կարգավիճակի մասին: FIDH-ը բազմակողմանիորեն ուսումնասիրել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական աղբյուրները և, հիմնվելով երկու կողմերի հաստատած թվերի և փաստերի վրա, ճշգրիտ է համարում ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերի կողմից քաղաքացիական անձանց դիտավորյալ թիրախավորման դեպքերի մասին տեղեկատվությունը: Հարձակումներ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա Քաղաքացիական զոհերի և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ դպրոցների թիրախավորման մասին հաղորդումներն փաստում են այնպիսի իրավիճակի մասին, որը միջազգային իրավունքի տեսանկյունից կարող է որակվել որպես անհամաչափ և անօրինական հարձակում: Այս մտահոգությունները հաստատվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնի կողմից՝ 2016 թվականի հունիսի 13-ի ելույթում[8]: Ադրբեջանական կողմը հաղորդել է, որ հարձակումների արդյունքում լուրջ վնաս է պատճառվել մասնավոր սեփականությանը և հանրային ենթակառուցվածքներին: Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության, 232 մասնավոր տուն, 99 էլեկտրական սյուն, 3 էլեկտրաենթակայան, ջրատար և գազատար խողովակաշարերի նշանակալի հատվածներ ոչնչացվել են: Հաղորդվում է, որ հեռակառավարվող հրթիռներով թիրախավորվել են դպրոցներ, հիվանդանոցներ և սոցիալական հաստատություններ, այդ թվում`պաշտամունքի վայրեր[9]: Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները, որոնք ստանում են ՀՀ կառավարության աջակցությունը, նույնպես հաղորդել են ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց հասցված էական վնասների մասին[10], որը հանգեցրել է քաղաքացիական անձանց զանգվածային տեղահանման Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում[11]: Դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Գլխավոր դատախազությունը հաղորդել է ռազմական էսկալացիայի արդյունքում որպես տուժող ճանաչված 550 քաղաքացիների մասին[12]: Երկու կողմերն էլ հաղորդել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին, որոնց թվում կան երեխաներ[13],, ինչպես նաև՝ վիրավորների, այդ թվում՝ վիրավորված երեխաների մասին[14]: Հաշվի առնելով շարունակական հրետակոծությունների պատճառով ձգձգվող անկայուն իրավիճակը և սեփականությանը հասցվող վնասները՝ շատերը շարունակում են մնալ տեղահանված: 2016 թվականի. հունիսի 20-ին տարածած հաղորդագրության մեջ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը հայտարարել է, որ թեև գնալով ավելի մեծ թվով տեղահանված անձինք են վերադառնում իրենց բնակության վայրեր, սակայն ՄԱԿ-ը շարունակում է օգնություն տրամադրել առնվազն 1429 անձանց, ովքեր շարունակում են տեղահանված մնալ դե ֆակտո Լեռնային Ղարաբաղից[15]: Տեղահանված համայնքներին անհրաժեշտ է մարդասիրական պաշտպանություն, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց բնակության վայրեր: FIDH-ը հիշեցնում է, որ ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է խուսափեն ռազմական էսկալացիայից: Ցանկացած դեպքում և անկախ այն հանգամանքից, որ այդ տարածքի կարգավիճակը ճանաչված չէ կամ որ առկա է շարունակվող զինված ընդհարում, բոլոր կողմերը պետք է մշտապես տարբերակում դնեն քաղաքացիական անձանց և կոմբատանտների, քաղաքացիական և ռազմական օբյեկտների միջև, որպեսզի ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությանը և նրանց սեփականությունը պաշտպանեն հարձակումներից: Մարդկանց որպես կենդանի վահան օգտագործելը բացարձակապես և անվերապահորեն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի թե՛ պայմանագրային, թե՛ սովորութային նորմերով: Վերաբերմունքը քաղաքացիական անձանց, նրանց, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցելուց (hors de combat) և մահացածների նկատմամբ Հրապարակված որոշ մարդկային կորուստներ հնարավոր է, որ տեղի ունեցած լինեն կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու և զինված հարձակման հետևանքները քաղաքացիական բնակչության համար ճիշտ չգնահատելու պատճառով, այդուհանդերձ, ըստ հրապարակված տվյալների, Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի առնվազն երեք տարեց քաղաքացիական անձինք կանխամտածված սպանվել են և նրանց մարմինները խեղվել են, երբ ադրբեջանական զորքերը մտել են գյուղ և վերահսկողության տակ վերցրել այն[16]: Վերը նշված երեք քաղաքացիական անձանց ականջները կտրվել են: Խաղաղ բնակիչների սպանությունն արգելված է ինչպես Ժնևի կոնվենցիաներով, այնպես էլ Միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերով: Քաղաքացիական անձանց սպանությունը և նրանց կամայականորեն կյանքից զրկելն արգելված է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերով, և այս արգելքը վերապահումներ թույլ չի տալիս, հետևաբար կիրառելի է բոլոր ժամանակներում[17]: 2016 թվականի ապրիլի 4-ին հաղորդվեց, որ ադրբեջանական զինված ուժերը գլխատել են ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի ազգությամբ եզդի զինվոր Քյարամ Սլոյանին, ով սպանվել է մարտի ժամանակ: Ավելի ուշ, նրա կտրված գլխի նկարները և տեսանյութը հայտնվեցին սոցիալական ցանցերում: Երևում էր, որ զինվորները և քաղաքացիական անձինք նրա գլուխը վեր էին պարզել՝ որպես ռազմական ավար և հաղթական գործողության ապացույց: Հետագայում հաղորդվեց ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի երկու այլ գլխատված զինվորների մասին: Բոլոր երեք դեպքերում ընտանիքները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան[18]: Ըստ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո Մարդու իրավունքների պաշտպանի[19], Քյարամ Սլոյանի գլուխը վերադարձվել է և հուղարկավորվել նրա մարմնի կողքին, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել մյուս երկու զինվորների գլուխները վերադարձնելու ուղղությամբ: Բացի ազգային և միջազգային իրավունքով բացարձակապես արգելված լինելուց, նման անմարդկային վերաբերմունքը միայն ամրապնդում է ազգամիջյան ատելությունը և նպաստում է ընդհարման հետագա էսկալացիային: 2016 թվականի ապրիլի 8-ին, 9-ին, 10-ին[20] և 20-ին[21] Կարմի խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ կողմերը միմյանց հանձնեցին շփման գծի երկայնքով տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինները: ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի առնվազն 18 զինծառայողի մարմին է վերադարձվել հայկական կողմին[22]: Հաղորդվել է, որ հանձման պահին մարմինները եղել են խեղված[23]։ Այս պահի դրությամբ հնարավոր չի եղել անկախ աղբյուրի միջոցով հաստատելու խեղման մասին հաղորդումները, ինչպես նաև՝ արդյո՞ք նրանք խոշտանգման են ենթարկվել կենդանության օրոք: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են հայկական ուժերի կողմից իրականացված նմանատիպ հանցագործությունների մասին՝ նշելով, որ հայկական կողմը հրաժարվել է վերադարձնել ադրբեջանցի սպանված զինվորի մարմինը[24]: Հնարավոր չի եղել անկախ աղբյուրի միջոցով հաստատելու այս հաղորդումները, և ոչ էլ ԿԽՄԿ է հրապարակավ հաստատել այս տեղեկությունները: Զինված ընդհարման ժամանակ ակտիվորեն տարածվող չստուգված և ոչ հավաստի տեղեկատվությունն էլ ավելի է սրում իրավիճակը և ևս մեկ անգամ ապացուցում է, որ անկախ միջազգային մոնիթորինգ և հետաքննություն է անհրաժեշտ: Եթե այս հաղորդումները ճշգրիտ են և կհաստատվեն, ապա դրանք վկայում են պատերազմական հանցագործությունների մասին։ Խոշտանգումը, վատ վերաբերմունքը և մահացածների մարմինների խեղումը խստիվ արգելված է և՛ միջազգային մարդասիրական իրավունքի պայմանագրային, և՛ սովորութային նորմերով: FIDH-ը հորդորում է երկու կողմերին նշված ենթադրյալ խախտումների վերաբերյալ իրականացնել անկողմնակալ քննություն, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և համագործակցել միջազգային միջնորդների հետ՝ զինծառայողների մարմիններն ընտանիքներին վերադարձնելու նպատակով: FIDH-ն ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերին կոչ է անում. · Հարգել և կիրառել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերը, · լիարժեք ապահովել ընդհարումից տուժած մարդկանց կյանքի և անվտանգության իրավունքը, · Պատասխանատվության ենթարկել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների համար բոլոր պատասխանատուներին և պայքարել անպատժելիության դեմ, · Հարգել 1994 թվականի հրադադարը, զերծ մնալ ուժի կիրառումից, չխրախուսել այն, վերջ դնել տարածաշրջանում սպառազինության մրցավազքին, · Զերծ մնալ ատելություն և պատերազմ քարոզելուց, · Հակամարտության գոտում թույլատրել անկախ փաստահավաք առաքելության իրականացումը և առաքելության խմբի անդամների համար ապահովել ընդհարումից տուժած վայրերի և մարդկանց լիարժեք հասանելիություն։ FIDH-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը: FIDH-ը կոչ է անում Ադրբեջանին վավերացնել 1949 թվականի Ժնևի կոնվենցիաներին կից երկու Լրացուցիչ արձանագրությունները (1977թ.):