Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՈՐՑՐԵՑ ԱՌԱՋԻՆ 2 ՄԻԱՎՈՐԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնությունում բավական հաջող էր հանդես գալիս վերջին 5 տարիների անփոփոխ չեմպիոն Երեւանի «Փյունիկը», որն անցկացրած 7 խաղերում համոզիչ հաղթանակներ էր տոնել մրցակիցների նկատմամբ, այդ թվում մրցանակային տեղերի հավակնորդներ «Միկայի» եւ «Բանանցի» հետ խաղերում:

Սակայն առաջնության հետաձգված «Կիլիկիայի» հետ խաղում «Փյունիկը» չկարողացավ շարունակել հաղթարշավը եւ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Ի դեպ, «Փյունիկը» հանդիպման ընթացքում զիջում էր 0:2 հաշվով, սակայն կարողացավ փրկել խաղը եւ շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այս մրցավեճում գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը նորից խաղադաշտ դուրս բերեց մի շարք երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք հունիսի 9-ին Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցելու են Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցավեճին:

Հայաստանի առաջնությունում կայացած եւս մեկ հետաձգված հանդիպում, որտեղ մրցեց «Բանանցը» եւ «Միկան»: Այս խաղում «Բանանցի» հարձակվողներ Արամ Հակոբյանը եւ Վահե Թադեւոսյանը մեկական անգամ գրավելով մրցակցի դարպասը հաղթանակ պարգեւցին իրենց թիմին, իսկ «Միկային» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Հաղթելով 2:1 հաշվով «Բանանցը» միավորներով հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Միկային»: