Արդյո՞ք Արծվանիկի տարածքը կանցնի պոչամբարի տակ, թե՞ ոչ. ԷկոԼուր
Արծվանիկ համայնքի բնակիչները մտահոգված են Արծվանիկի պոչամբարի տարածքի ընդլայնման կապակցությամբ: Արծվանիկի պոչամբարը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ենթակառուցվածքի մասն է: Ըստ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ՇՄԱԳ հաշվետվություն» նախագծի՝ Արծվանիկի պոչամբարը նախատեսված է 310 միլիոն մ3 պոչանքի համար: 2014թ. հունվարի 1-ի դրությամբ պոչամբարը լցված է եղել 95 միլիոն մ3 պոչանքով: Տարեկան պոչամբար է լցվում մոտ 14 միլիոն տոննա պոչանք՝ մոտ 40 միլիոն մ3 ջրի հետ միախառնված:
Ըստ Արծվանիկի համայնքապետ Անուշավան Հարությունյանի՝ առաջին անգամ Արծվանիկ համայնքից պոչամբարի համար հող վերցվել է 1973 թվականին՝ 240 հեկտար, այնուհետև 2006 թվականին՝ 102 հեկտար: 2011 թվականին ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ ԶՊՄԿ-ի պոչամբարի համար Արծվանիկից պետք է օտարվեր 277 հա տարածք: Սակայն կառավարության այդ որոշումը ճանաչվեց ուժը կորցրած: 2015 թվականի մայիսի 21-ին ՀՀ կառավարությունը բացառիկ գերակա շահ ճանաչեց Սյունիքի մարզի Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք համայնքների վարչական սահմանների 491.8093 հա հողերի նկատմամբ: Ամենից շատ հողատարածք պետք է օտարվի Արծվանիկ համայնքում` 274.8378 հեկտար:
«Այդպես որ շարունակական գնա, նշանակում է, որ գյուղը պետք է միայն պոչամբար դառնա: Չէ, մենք դրան դեմ ենք: Հնարավոր չի, որ մեր ապուպապերի ստեղծած գյուղը տանք կոմբինատին, ասենք՝ սարքեք պոչամբար: Էստեղ մեզ մոտ գերեզմանոցներ են, որ համարյա պոչամբարի հարակից տարածքում է, ոչ ոք իր սրբությունը չի կարող...ես չեմ էլ մտածում, որ կարող է կառավարությունը, կամ իշխանությունը, կամ Քաջարանի կոմբինատը թողնի՝ նման բան լինի, իմ գլխում դա չի տեղավորվում... Այս հարցի լուծումն այնպես պետք է արվի, որ ոչ մեզ համար վատ լինի, ոչ կոմբինատի, ոչ էլ պետության»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասացին գյուղացիները:
Առավել մանրամասն՝ այստեղ