ՏՏ ոլորտի սկսնակները կմրցեն իրենց նախագծերով (տեսանյութ)
Հունիսի 25-ին Երեւանում արդեն երրորդ անգամ կանցկացվի մրցույթ՝ ՏՏ ոլորտի ստարտափերի համար: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է մրցույթի հանդեպ հետաքրքրվածությունը: «Մրցույթի ամբողջ ընթացքում մեզ դիմել են ավելի քան 150 ստարտափեր, իսկ այս տարի՝ 50-ից ավելի, որոնցից ընտրվել են 12-ը։ Նրանք արդեն հունիսի 25-ին հնարավորություն կունենան իրենց նախագիծը ներկայացնել ժյուրիի դատին, իսկ հաղթող մասնակիցն արդեն մյուս տարի կուղեւորվի Շվեյցարիա՝ այնտեղի ներդրողներին ներկայացնելու համար իր նախագիծը»։ Seedstars World-ը ստարտափերի միջազգային մրցույթ է՝ զարգացող շուկաների եւ արագ զարգացող ձեռնարկատիրական էկոհամակարգերի համար։ Այն կամուրջ է՝ ներդրողների եւ նորաստեղծ ստարտափերի միջեւ։ Մրցույթը Երեւանում կազմակերպվում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ IBM ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով՝ Ամերիկյան համալսարանում։