Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էկոնոմիկայի նախարարը ԱԺ էր եկել «Արմֆոն»-ով (տեսանյութ)

Քաղաքականություն
arcvik

ԱԺ արտահերթ նիստում այսօր, երբ քննարկվում էր «ՀՀ կառավարության եւ Իրաքի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր ելույթում սկսեց խոսել վարկային ծրագրերի մասին, թե ինչքան վտանգավոր ենք դրանք մեզ համար: Նրա ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պարբերաբար փորձում էր ընդհատել նրան եւ, ի վերջո, ելույթի վերջում նա կարողացավ իր միտքն արտահայտել. «Պարոն Մարգարյան ջան, ախր դուք շփոթել եք՝ սա վարկային նախագիծ չէ, սա համաձայնագիր է Իրաքի հետ»: Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն էլ այսօր ԱԺ վավերացմանը ներկայացրեց «Ազատ առեւտրի գոտու մասին»՝ 2011թ. ստորագրված պայմանագիրը, որով Ուզբեկստանի հետ եւս պետք է կիրառվի ազատ առեւտրի  մասին համաձայնագիրը. «ԱՊՀ շրջանակներում ստորագրված «Ազատ առեւտրի գոտու» համաձայնագրին Ուզբեկստանը քիչ ավելի ուշ է դիմել՝ միանալու համար: Սահմանված ընթացակարգով պետք է առանձին արձանագրություն ստորագրվեր եւ նաեւ՝ իրավական գործընթացները պահանջում են, որ Ազատ առեւտրի գոտու համաձայնագրին միացած յուրաքանչյուր երկիր պետք է այն ստորագրի»: Նրա ներկայացմամբ՝ վավերացնելով այս համաձայնագիրը՝ ՀՀ-ին սա հնարավորություն կտա Ուզբեկստանի հետ ունենալ ազատ առեւտրի ռեժիմ: Ուզբեկստանը միակ երկիրն է, որի հետ մինչ այժմ երկկողմ դաշտում ազատ առեւտրի ռեժիմ մենք չենք ունեցել. «Ուզբեկստանի հետ ունենք 4 մլն-ից մի քիչ ավելի դոլար տարեկան շրջանառություն: Արտահանումն ավելի շատ է, արտահանվում է հիմնականում արդյունաբերական արտադրանք՝ ՀՀ-ում արտադրված դեղամիջոցներ»: Հաջորդ քննարկվող նախագիծը «ԱԱՀ մասին» օրենքում փոփոխություններն էին, որը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նա մոտեցավ ամբիոնին ու ցույց տալով իր բջջային հեռախոսն ասաց. «Առաջին հայկական բջջային հեռախոսն է ձեռքիս: Կարծում եմ՝ մեզնից պետք է սկսենք առաջին հայկական ապրանքների սպառումը»: Անդրադառնալով բուն նախագծին՝ նա ասաց՝ այսօր դրամաշնորհով ձեռք բերված ապրանքներն ու ծառայություններն այսօր հարկվում են ԱԱՀ-ով. «Դա լրացուցիչ խոչընդոտներ էր առաջացնում դոնոր կազմակերպությունների համար՝ ինտենսիվ օգնություն ցույց տալու համար: Առաջարկվող փոփոխություններով սուբսիդիաների ու դրամաշնորհների միջոցով իրականացվող ծրագրերը կազատվեն հարկից, եթե դրանք, իհարկե, արժանանան Կառավարության մասնագիտական հանձնաժողովի հավանությանը»: Ընդդիմադիրներ դահլիճում չկային եւ զեկուցողներին հիմնականում հարցեր էր ուղղում ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը: «Շոուական մասն արդեն ավարտվել է, ու արդեն սկսել ենք մասնագիտական քննարկում»,- ակնարկեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: