Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից  առաջընթաց չեմ սպասում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Artak-zaqaryan

Հունիսի 20-ին  Սանկտ-Պետերբուրգում Ռուսաստանի միջնորդությամբ կայանալու է Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև  հանդիպումը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Արտակ Զաքարյանը կարծում է, որ այդ հանդիպման հիմնական առանցքը հայաստանյան կողմի  համար լինելու է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հնարավորությունը: «Ամեն ինչ կախված է լինելու Ադրբեջանի վարքից: Հայկական կողմը միշտ էլ ողջունել է հանդիպումները, հատկապես բարձր մակարդակի հանդիպումները: Հույս ունենաք, որ Ռուսաստանի նախագահի այս բարձր առաքելության դեպքում հնարավոր կլինի Ադրբեջանին պարտադրել հաշվի նստել այն պարզ իրողության հետ, որ ռազմական ճանապարհով ԼՂՀ հիմնախնդիրը լուծում չունի»,-նշեց   Արտակ Զաքարյանը: Վերջինիս խոսքերով՝   ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական լուծումից ընդմիշտ զերծ պահելու ամենաիրատեսական մոդելը հետաքննության մեխանիզմների ներդրումն է: «Դա թույլ կտա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անել հասցեական հայտարարություններ և որը զսպիչ գործոն կհանդիսանա   ադրբեջանական գործողությունների համար՝ իր ռազմական ագրեսիան չափավորելու համար»,-ասաց պատգամավորը՝ միևնույն ժամանակ հավելելով նաև, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը չի  կարող կոչվել բանակցություն, քանի որ մեծ հաշվով այստեղ բանակցելու բան չկա, այլ կա պարզ իրականություն: «Մենք պետք է ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ունենանք կայուն և երաշխավորված հրադադար»,-համոզված է նա: Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ իր հերթին համոզմունք հայտնեց, որ այս հակամարտության ընթացքում Ադրբեջանը ցույց տվեց իրեն որպես պետություն, որը պատասխանատու չէ իր քայլերի համար: «Ադրբեջանի մարտավարությունը բխում է ստեղծված իրավիճակից՝ նա չի ուզում գնալ որևէ զիջման, բանակցային ճանապարհը իր համար ճանապարհ չի»,-ասաց պարոն Հարությունյանը: Վերջինս նաև վստահ է, որ հակամարտությունը Ադրբեջանը պատերազմով չի կարող լուծել: «Ադրբեջանը վախենում է լայնածավալ պատերազմ սկսել, որովհետև մեր բանակի մարտունակությունը նրան թույլ չի տալիս սկսել պատերազմ և հաղթանակի հասնել: Ադրբեջանը գիշերով՝  խախտելով նույնիսկ իր կողմից ստորագրված զինադադարի մասին փաստաթուղթը սկսում է լոկալ պատերազմ, որպեսզի դրանից հետո համանախագահներին շանտաժ անի և ասի՝ գիտեք ինչ, բերեք մի հատ փաստաթուղթ, որով Ղարաբաղն ինձ եք տալիս»,-շեշտեց նա: Ըստ Վաղարշակ Հարությունյանի՝  պատերազմի վերսկսման սպառնալիքի տակ Ադրբեջանն ուզում է ստիպել հայկական կողմին գնալ զիջումների: «Հայկական կողմը ճիշտ պայմաններ է դրել՝ որևէ մի բանակցություն չի կարող լինել այսօր և այսօր չի կարող լինել որևէ մի տարածքի վերադարձի մասին խոսք: Սանկտ-Պետերբուրգում ես որևէ առաջընթացի չեմ սպասում, ուղղակի այստեղ պետք է լինեն ճնշումներ Ադրբեջանի վրա, որ նա համաձայնի այդ մեխանիզմների ներդրմանը: Եթե մենք նայենք որևէ հակամարտությունների, ապա 70 կամ 100 տարի դրանք չեն լուծվում: Դրա համար միակ ճանապարհը ունենալ մարտունակ բանակ և հզոր տնտեսություն, որը կապահովի նաև ռազմական հզորությունը»,-եզրափակեց  պաշտպանության նախկին նախարարը: